Արաբական «Մասդար» ընկերությունը Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային կայան կկառուցի

08 Հուլիս, 2021
Լուսանկարը՝ azatutyun.am

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում «Մասդար»-ն ի սկզբանե առաջարկել էր 0,0299 դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկել է 0,0290 դոլար կՎտժ վերջնական սակագինը։

200 ՄՎտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, որտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։

Ընկերության կողմից ներդրվելու է շուրջ 174 միլիոն դոլար։ Ծրագրի շրջանակում կկառուցվի նաև նոր ենթակայան: Արևային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքի վրա, իսկ որպես հարակից օգուտներ, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի և անուղղակի աշխատատեղեր:

Աղբյուրը՝ azatutyun.am

Այլ լուրեր