Ավստրալական համալսարանը խոստանում է օգտագործված սուրճի մրուրը վերածել նյութի, որը կարելի է ավելացնել բետոնի մեջ՝ այն դարձնելով ավելի ամուր և էկոլոգիապես մաքուր՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները։
Ըստ Reuters-ի՝ ավազի ու մանրախիճի խառնուրդը ցեմենտի և ջրի հետ ներառող բետոնի արտադրությունը ջերմոցային գազերի հիմնական արտադրողն է, որը՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ կազմում է համաշխարհային արտանետումների մոտ 7%-ը:
Մելբուռնի RMIT համալսարանի հետազոտողները սուրճի թափոնները առանց թթվածնի տաքացնելով (հայտնի է իբրև պիրոլիզի գործընթաց), կարողացել են ստանալ բիոածուխ կոչվող նյութը: Բիոածուխը կարող է փոխարինել բետոնի մեջ օգտագործվող ավազի մինչև 15%-ը:
Ավստրալացի առաջատար հետազոտող Ռաջև Ռոյչանդը հավաստիացնում է, որ բիոածուխի ավելացումը բետոնը 30%-ով ավելի ամուր է դարձնում և շուրջ 10%-ով նվազեցնում է ցեմենտի անհրաժեշտ քանակությունը:
Ըստ ՄԱԿ-ի 2022 թվականի զեկույցի՝ աշխարհում տարեկան արդյունահանվում է մոտ 50 միլիարդ տոննա ավազ՝ հիմնականում բետոնի արտադրության համար։ Ավազի արդյունահանումը հաճախ անդառնալի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, իսկ ավազի քանակն էլ տարեցտարի պակասում է:
Ցեմենտի արտադրությունը, որը ներառում է կրաքարի և կավի խառնուրդի տաքացում մինչև մոտավորապես 1500 աստիճան ըստ Ցելսիուսի, բետոնի արտանետումների համար հիմնականում պատասխանատուն է:
Մայիսի սկզբին Մելբուռնի մերձակայք Մակեդոն-Ռեյնջս կոմսության խորհուրդը հետիոտնային արահետ կառուցելու նպատակով օգտագործել է սուրճի բետոն:
Ռոյչանդը հայտնել է, որ Մելբուռնի RMIT համալսարանը սուրճի մրուրը վերամշակելու շուրջ բանակցություններ է վարում մի քանի շինարարական ընկերությունների և բետոն արտադրողների, ինչպես նաև Starbucks-ի հետ և կարող է բիոածուխ արտադրող ընկերություն ստեղծել:
Աղբյուրը՝ Reuters
Պատկերը՝ Washington Post/Frances Vinall/TWP)