
Վերջերս հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկային գործունեությունն ազդում է ոչ միայն կլիմայի, այլև մոլորակի պտույտի վրա։
Գիտնականները եզրակացրել են, որ ժամանակակից գլոբալ տաքացումը դանդաղեցնում է Երկրի պտույտը վերջին առնվազն 3.6 միլիոն տարվա ընթացքում աննախադեպ արագությամբ։ Հիմքում ընկած մեխանիզմը զարմանալիորեն պարզ է. հալվող սառցադաշտերը եւ բևեռային սառցե գլխարկները վերաբաշխում են մոլորակի զանգվածը՝ փոխելով դրա պտտման դինամիկան։
Երբ Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցը հալվում է, ջուրը հոսում է օվկիանոսներ եւ աստիճանաբար տեղափոխվում է հասարակած։ Դա գործում է մոտավորապես գեղասահքի նման. եթե պտտվող մարդը տարածում է ձեռքերը, նա սկսում է ավելի դանդաղ պտտվել։ Նույն կերպ էլ Երկիրը, իր զանգվածը առանցքից ավելի հեռու «բաշխելով», փոքր-ինչ նվազեցնում է պտտման արագությունը։
Առաջին հայացքից փոփոխությունները թվում են մանրադիտակային, խոսքը մեկ հարյուրամյակում օրվա երկարության մոտավորապես 1.33 միլիվայրկյանի ավելացման մասին է։ Սակայն երկրաֆիզիկայի համար դա զգալի թիվ է։ Ֆորամինիֆերա կոչվող մանրադիտակային բրածո օրգանիզմներից ստացված հին տվյալների հետ համեմատությունը ցույց է տվել, որ փոփոխության նման արագություն միլիոնավոր տարիներ չէր գրանցվել։
Կարևոր է նշել, որ Երկրի պտույտը երբեք խիստ հաստատուն չի եղել. դրա վրա ազդում են Լուսնի ձգողականության ուժը, մոլորակի միջուկում տեղի ունեցող գործընթացներն ու մթնոլորտի շարժումը։ Սակայն այսօր այդ բնական գործոնները լրացվել են նոր, մարդածին գործոններով։ Ավելին, 21-րդ դարի վերջին կլիմայի փոփոխության ազդեցությունն օրվա տևողության վրա կարող է համեմատելի լինել կամ նույնիսկ ավելի մեծ, քան Լուսնի ազդեցությունը, որն ավանդաբար համարվել է Երկրի պտույտի հիմնական «արգելակը»։
Չնայած օրվա միլիվայրկյաններով երկարացումը մարդկանց համար աննկատելի է, այն հետևանքներ ունի բարձր ճշգրտության նավիգացիայի, արբանյակային համակարգերի և գլոբալ ժամանակի համար։ Եվ, ավելի լայն իմաստով, դա փոփոխության մասշտաբի ևս մեկ ցուցիչ է. ամբողջ մոլորակի պտույտի դանդաղեցումը պահանջում է հսկայական զանգվածների վերաբաշխում, և հենց դա է տեղի ունենում այժմ։
Աղբյուրը՝ Live Science
Պատկերը՝ Stocktrek Images via Getty Images