Ցրվել է էլեկտրամոբիլների մասին հայտնի միֆը

04 Հուլիս, 2022
Լուսանկարը՝ Reuters

Վնասակար արտանետումների ծավալով էլեկտրամոբիլները զգալիորեն զիջում են ներքին այրման շարժիչներին: Այդ մասին ասված է Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի միջազգային խորհրդի (ICCT) հրապարակած հաշվետվության մեջ։

Հասարակական կազմակերպության մասնագետները ցրել են այն միֆը, որ էլեկտրաքարերն աղտոտում են շրջակա միջավայրն ոչ պակաս, քան ավանդական ավտոմեքենաները: Հետազոտող Գեորգ Բիքերի խոսքով՝ էլեկտրաքարերի վնասի մասին սիրում են խոսել ավտոմոբիլային արդյունաբերության լոբիստները. «Մենք ցանկացել ենք ուսումնասիրել դա և համոզվել՝ ճի՞շտ են, արդյոք, բերվող փաստերը»։

Հաշվետվության մեջ վերլուծվել են 2021 թվականին ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հնդկաստանում եւ Չինաստանում գրանցված միջին չափսի հանրահայտ էլեկտրամոբիլների արտանետումների ծավալները: Այդ երկրներում է իրականացվում էլեկտրական քարշակով մեքենաների վաճառքի 70 տոկոսը, և տվյալները, ICCT-ի վարկածով, ներկայացուցչական են:

Վերլուծությունը ցույց է տվել, որ Եվրոպայում էլեկտրամոբիլների արտանետումները շահագործման ողջ ընթացքում 66-69 տոկոսով պակաս են, քան վառելիքով աշխատող մեքենաների պարագայում: ԱՄՆ-ում շահագործման ամբողջ ընթացքում էլեկտրաքարերը պետք է արտադրեն 60-68 տոկոսով պակաս արտանետում, իսկ Չինաստանում՝ 37-45 տոկոսով, Հնդկաստանում՝ 19-34 տոկոսով: Ասիայում նվազած ցուցանիշները կապված են այն հանգամանքի հետ, որ այդ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունահանումն առավելապես հիմնված է ածխի այրման վրա:

Հետազոտությունը հիմնված է այն փաստի վրա, որ ավտոմեքենան շահագործվում է առնվազն 18 տարի: Հաշվետվության հեղինակները հայտարարել են, որ էլեկտրաքարը միանշանակ ավելի «էկոլոգիական» է, քան ավանդական ավտոմեքենան: Նշվում է նաև, որ էլեկտրաքարշակով մեքենաների դեպքում կա ածխածնի արտանետումը լրացուցիչ չափով նվազեցնելու հնարավորություն մարտկոցների ճիշտ ուտիլիզացիայի դեպքում:

Գեորգ Բիքերի խոսքով՝ էլեկտրամոբիլը դառնում է առավել էկոլոգիական այն շահագործելուց շուրջ մեկ տարի անց՝ ի տարբերություն ավանդական ավտոմեքենայի: «Ներքին այրման շարժիչով ցանկացած տիպի տրանսպորտային միջոց ունակ չէ ապահովել ջերմոցային գազերի արտանետումների ծավալի կրճատումը, որն անհրաժեշտ է մեզ կյանքի համար կլիմայի փոփոխության պայմաններում», - եզրափակել է հետազոտողը:

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Reuters


Այլ լուրեր