Լուսանկարը՝ Deutsche Welle
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը, իհարկե, պահանջում է վճռական գործողություններ համաշխարհային մասշտաբով: Բայց յուրաքանչյուրը կարող է իր փոքր ներդրումը բերել ընդհանուր գործին:
Հրաժարվեք ավտոմեքենայից
Քաղաքում մեքենա վարելու փոխարեն շաբաթական առնվազն մեկ օր օգտվեք հասարակական տրանսպորտից կամ երթևեկեք հեծանվով։ Տրանսպորտային միջոցների արտանետումները կազմում են ածխաթթու գազի արտանետումների հինգերորդ մասը, իսկ մեքենաներն ու ավտոբուսներն օդն ամենից շատ են աղտոտվում:
Նվազեցրեք կարմիր մսի սպառումը
Էկոլոգիապես մաքուր լինելու մեկ այլ տարբերակ էլ կա` ավելի քիչ կարմիր միս ուտելը: Խորհուրդ է տրվում այս ապրանքը փոխարինել թռչնամսով, իսկ ավելի լավ է՝ բանջարեղենով: Սննդամթերքի արտադրությանը բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների քառորդ մասը, որի առյուծի բաժինը գալիս է մսից և կաթնամթերքից:
Նվազեցրեք աղբի «արտադրությունը»
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում արտադրված սննդի շուրջ մեկ երրորդը հայտնվում է աղբանոցներում։ Այստեղ նետված սննդամթերքը փչանում է, փտում և մեթան գազ է արտանետում, որը կազմում է ջերմոցային գազերի արտանետումների ամբողջ 10 տոկոսը: Ուստի կարևոր է լավ մտածել սննդակարգի ծավալի մասին և գնել միայն այնքան սննդամթերք, որքան կարող եք ուտել։
Զբաղվեք այգեգործությամբ
Այգեգործությամբ զբաղվելու համար պարտադիր չէ մեծ տարածք ունենալ։ Նույնիսկ տնամերձ հարկավոր չէ։ Դրա համար պատշգամբն էլ միանգամայն բավարար է։
Մթնոլորտ արտանետված մեթանի քանակը նվազեցնելու լավ միջոց է նաև աղբամանում սննդի մնացորդները փտեցնելն ու այնուհետև որպես բաղադրյալ պարարտանյութ օգտագործելը:
Առավել արդյունավետ օգտագործեք հագուստը
Ավելի քիչ նոր հագուստ գնելը ևս բնության պահպանությանն ուղղված քայլ է։ Տեքստիլ արդյունաբերությունը տարեկան արտանետում է ավելի քան մեկ միլիարդ տոննա ածխաթթու գազ, ավելին, քան միջազգային բոլոր օդային ճանապարհորդություններն ու առաքումները: Դրան պետք է գումարել նաև տեքստիլ մանրաթելերից պատրաստված միկրոպլաստիկների կողմից համաշխարհային օվկիանոսի աղտոտումն ու թունավոր քիմիական նյութերի օգտագործումը:
Սակայն վերջերս նորաձևության բազմաթիվ սիրահարներ հասկացել են, որ բնության պահպանությունն այլևս «մոդայիկ է»։ Ամբողջ աշխարհում ի հայտ են եկել հագուստի վարձույթի ծառայություններ, ինչպես նաև օգտագործված իրերի վաճառքում մասնագիտացած առցանց խանութներ:
Աղբյուրը: Deutsche Welle