ExxonMobil ամերիկյան էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ մի շարք որոնողական հորատումների արդյունքում նրանք Կիպրոսի ափերին հայտնաբերել են մեծ քանակությամբ բնական գազ: Հայտնաբերված բնական գազի ծավալը տատանվում է 5-8 տրիլիոն խորանարդ ֆուտ:
Բնական գազի պաշարները հայտնաբերվել են «Գլաուկոս 1» անվանումը կրող հորատանցքում, որը գտնվում է №10 կիպրոսյան բլոկի սահմանների ներսում՝ Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում: ԶԼՄ-ների հաղորդմամբ այս հայտնագործությունը խոշորագույնն է Կիպրոսում:
«Սա հրաշալի իրադարձություն է ամբողջ Կիպրոսի համար: Առաջիկա ամիսների ընթացքում բնական գազի պաշարների քանակը կճշգրտվի»,- Նիկոսիայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիպրոսի Էներգետիկայի նախարար Ջորջ Լակկոտրոպիսը:
Թուրքիան նույնպես հայտարարել է կղզու ափերին էներգետիկ պաշարների որոնողական աշխատանքներ իրականացնելու իր իրավունքների մասին: Անկարան հեռու է պահում միջազգային ընկերություններին վիճարկվող տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնելուց, որտեղ Թուրքիան պաշտպանում է կղզու հյուսիսային երրորդ հատվածում անջատված պրոտոպետությանը: