Հնդկաստանը կարող է դառնալ առաջին վայրը, ուր ջերմային ալիքները կգերազանցեն մարդու գոյատևման սահմանը

30 Հունվար, 2023
Պատկերը՝ India Today

Համաշխարհային բանկի զեկույցում ասվում է, որ մի քանի տարի անց Հնդկաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կարող է գերազանցել մարդկանց գոյատևման սահմանը:

Զեկույցը ներառում է բազմաթիվ առաջարկություններ Հնդկաստանում սառնարանային տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու վերաբերյալ։ Կանխատեսվում է, որ գլոբալ տաքացման պայմաններում պահանջարկն արագորեն կաճի:

2022 թվականի ապրիլին Հնդկաստանում արդեն զգացվել է մեկշաբաթյա ջերմային ալիք. մի քանի քաղաքներում ջերմաստիճանը գերազանցել է 43 աստիճանը:

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի, և նման շոգերը «տագնապալի տեմպերով աճում են», - ասվում է զեկույցում:

Կլիմայագետների ճնշող մեծամասնությունը ջերմաստիճանի երկարաժամկետ փոփոխությունը կապում են մարդածին ածխածնի արտանետումների հետ:

Եթե Հնդկաստանը չկրճատի ածխածնի իր արտանետումները, ապա ջերմային ալիքները «հավանաբար 2036-ից 2065 թվականներին 25 անգամ ավելի երկար կտևեն», ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Հնդկաստանին անհրաժեշտ կլինի «զանգվածային հովացման ենթակառուցվածք բոլոր ոլորտներում»՝ խոցելի աշխատողներին պաշտպանելու համար: «Հնդկաստանի աշխատուժի մինչեւ 75 տոկոսը կամ 380 միլիոն մարդ աշխատում է շոգ պայմաններում՝ երբեմն նույնիսկ կյանքի համար վտանգավոր ջերմաստիճանի տակ», - ասվում է զեկույցում:

Նշվում է, որ ազդեցությունը ինչպես արտադրողականության, այնպես էլ մարդու առողջության վրա ծանր է, քանի որ շատերն աշխատում են «կյանքի համար պոտենցիալ վտանգավոր ջերմաստիճաններում»:

Սակայն սովորական էլեկտրական օդափոխիչները կամ օդորակիչները շատերի համար անհասանելի են:

Աղբյուրը՝ Hindustan Times

Պատկերը՝ India Today



 

Այլ լուրեր