
Տարիներ շարունակ գիտնականները խոսում են մոլորակի վրա սպառնացող կլիմայական ճգնաժամի մասին: Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է անտառային հրդեհների ավելի հաճախակի և ինտենսիվ բռնկմանն ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Միացյալ Նահանգներում: Խոշոր հրդեհները մի շարք խնդիրներ են առաջացնում, որոնք ազդում են առողջության, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների և տնտեսության վրա: Սակայն նոր հետազոտությունը զարմանալի պարադոքս է հայտնաբերել։
Նոր հետազոտրության մեջ գիտնականները վերլուծել են 2005-2015 թվականների օդի որակի տվյալները և օգտագործել են մանրամասն կլիմայական մոդելներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարձագանքի մթնոլորտը որոշակի պայմանների:
Խումբն առանձնացրել է անտառային հրդեհների ծխի և դրանց արտադրած ջերմության ազդեցությունը՝ որոշելու համար՝ ինչպես է յուրաքանչյուրն ազդում եղանակային պայմանների վրա: Դա նրանց հնարավորություն է տվել տեսնել ջերմության զարմանալի դերն օդը մաքրելու գործում:
Արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ արևմտյան մասում անտառային հրդեհներից բարձրացող ջերմությունը օդի վերընթաց հոսանքներ է ստեղծում, որոնք ռեակտիվ հոսքում՝ վերին մթնոլորտում արագ շարժվող շիթահոսերի նեղ շերտում գրգռում են ալիքները:
Այդ ալիքները թուլացնում են արևմուտքից եկող և արևելյան քամիները գրավող զով, խոնավ օդի սովորական հոսքը, որոնք խոնավություն են բերում Ատլանտյան օվկիանոսից: Դա հանգեցնում է Արևելյան ափին տեղումների ավելացմանը, ինչն իր հերթին արդյունավետորեն լվանում է աղտոտվածությունը։
Հետազոտության հեղինակները նշում են, որ այդ օգտակար ազդեցության բացահայտումը կարևոր է, քանի որ կլիմայական մոդելների մեծ մասը հաշվի է առնում միայն ծուխը, այլ ոչ թե ջերմությունը: Արդյունքում, այդ բացթողումը հանգեցնում է անտառային հրդեհների բացասական ազդեցության զգալի գերագնահատման։
Աղբյուրը՝ Science
Պատկերը՝ NASA Earth Observatory image by Lauren Dauphin (U.S. Geological Survey)