Էլեկտրաէներգիայի եւ գազի սակագինը կարող է նվազել սահմանի վրա գազի սակագնի նվազեցման հաշվին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ նշելով, որ այդ եզրահանգմանն են եկել բազմակողմանի վերլուծությունների արդյունքում:
«Եկել ենք եզրահանգման, որ միակ ֆինանսական աղբյուրը կարող է լինել սահմանի վրա գազի սակագնի նվազեցումը: Ինչ չափով որ սակագինը նվազի, այդ չափով էլ կփորձենք այդ հարցին լուծում տալ: Մոտեցումները հստակեցրել ենք՝ ներկայացրել ենք իրավական, տնտեսական դաշտում մեր մոտեցումները, սպասում ենք հայկական եւ ռուսական կողմերի բանակցությունների ընթացքին, որպեսզի այդ խնդրի լուծման աղբյուր կարողանանք ունենալ: Որովհետեւ, եթե որեւէ սակագին նվազեցնում ենք, ապա ուրիշներին չպետք է վատ վիճակի մեջ դնենք, գոնե նրանց սակագինը պետք է թողնենք նույնը, իսկ այդ պարագայում մեզ լրացուցիչ ֆինանսական աղբյուր է պետք»,-ասաց նա:
Նշենք, որ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ Էլեկտրաէներգիայի եւ գազի սակագինը վերանայելու վարչապետի հանձնարարականը ոչ բոլոր բնակիչ-բաժանորդներին է վերաբերում՝ մեկը սոցիալական ուղղվածության է, մյուսը` խթանող, կոնկրետ գյուղատնտեսության ոլորտի: Նա շեշտել է, որ սակագնի նվազեցումը կապ չունի այն արտոնության հետ, որ կառավարությունը տրամադրում է սոցիալապես անապահով խավին:
Ռոբերտ Նազարյանը նշեց, որ սակագնի հետ կապված որոշումը չի կարող ուժի մեջ մտնել վեց ամսից ավելի շուտ, քանի որ դա է պահանջում «Էներգետիկայի մասին» օրենքը: