Է. Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնականները (ԱՄՆ) բեկումնային հաջողության են հասել ջերմամիջուկային էներգետիկայի ոլորտում. նրանց հաջողվել է հասնել ջերմամիջուկային բռնկման, որն իրենից ներկայացնում է ջերմամիջուկային սինթեզի ինքնաապահովվող ռեակցիա․ այն փաստացի ավելի շատ էներգիա է արտադրում, քան կիրառվում է այդ ռեակցիան սկսելու համար:
Միջուկային սինթեզը մեծ քանակությամբ էներգիայի արտազատման ռեակցիա է, որը միավորում է պարզ ատոմային միջուկները ավելի բարդ միջուկների մեջ (օրինակ՝ ջրածնի ատոմները միանում են՝ առաջացնելով հելիում)։ Միջուկային սինթեզըը տեղի է ունենում, օրինակ, աստղերի միջուկներում. մոլեկուլային փոշու հսկայական քանակությունը փլուզվում է ձգողականության ազդեցության տակ և ստեղծում է հսկայական ճնշում և ջերմություն նորածին աստղերի միջուկներում։
Տասնամյակներ շարունակ գիտնականները ուսումնասիրել են միջուկային սինթեզը՝ դրանում տեսնելով կայուն էներգիայի արտադրության ապագան:
Գիտնականների հետազոտությունն առանց վարանելու կարելի է մեծ ձեռքբերում համարել, բայց պետք է հասկանալ, որ շատ ժամանակ կանցնի մինչև այն պահը, երբ ջերմամիջուկային էներգիան կդառնա մեր կյանքի մի մասը, և կպահանջվեն շատ այլ ուսումնասիրություններ ու գիտափորձեր:
Հնարավոր է, որ հենց այս հետազոտությունն էլ ապագայում հանգեցնի համաշխարհային էներգետիկ արդյունաբերության ոլորտում իրական հեղափոխության. ջերմամիջուկային էներգիան կարող է այլընտրանք դառնալ ինչպես ատոմային էլեկտրակայաններին, այնպես էլ ածխաջրածնային վառելիքին: Ավելին, այս այլընտրանքն ավելի անվտանգ կլինի, քանի որ այն մարդկությանը զերծ կպահի մթնոլորտ վնասակար արտանետումներից և պոտենցիալ վտանգավոր ռադիոակտիվ թափոններից, որոնք ատոմների տրոհման կողմնակի արդյունքն են։
Աղբյուրը՝ CNN
Պատկերը՝ CNN