ԷԵԲՊ նախարարին ներկայացվել է շուրջ 300 մլն. դոլար նախնական արժեքով ներդրումային փաթեթ

24 Հոկտեմբեր, 2018

ՀՀ ԷԵԲՊ նախարար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է “Էներգո ինվեստ հոլդինգ” ընկերության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են “Շնող” ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը:

“Շնող” ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքներն իրականացնում են շվեյցարական POYRY ընկերության մասնագետները ամերիկյան THE ROBBINS ընկերության, ինչպես նաև Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից միջազգային մրցույթով ընտրված ILF ավստրիական կազմակերպության տեխնիկական վերահսկողությամբ:

Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին, կորոշվեն ջրատար թունելի երթուղին և ՀԷԿ-ի նախատեսվող դրվածքային հզորությունը:

Հաջորդ փուլերում կուսումնասիրվեն գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկանիշները, կգնահատվի նախագծի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, կբացահայտվեն բնապահպանական ռիսկերը և կկազմվի դրանց փոխհատուցման մանրամասն ճանապարհային քարտեզ:

Այնուհետև նախագիծը կենթարկվի բնապահպանական փորձաքննության, կիրականցվեն հանրային լսումներ շահառու համայնքների և բնապահպան, հասարակական կազմակերպությունների հետ:

Նշելով նախագծի կարևորությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար' նախարարն ընդգծել է, որ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի բացառապես բնապահպանական ռիսկերի փոխհատուցման հստակ քայլերի առկայության և շահառու համայնքների հետ վերջիններիս համաձայնեցման դեպքում:
“Շնող” ՀԷԿ-ի ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 150-180 մլն. ամերիկյան դոլար: Շինարարության ընթացքում կստեղծվի ավելի քան 1200 բարձր վարձատրվող աշխատատեղ, ՀԷԿ-ը կապահովի երկրի ներքին սպառման 7%-ը:

Նախարարին ներկայացվել են նաև էներգետիկայի ոլորտում միջին մասնագիտական կադրերի վերապատրաստման ուսումնական կենտրոնի կառուցման և փոքր ՀԷԿ-երի արդիականացման ներդրումային ծրագրերը:
6մլն. դոլար արժողությամբ ուսումնական կենտրոնի նպատակը ոլորտում առկա մասնագետների վերապատրաստումն է: Այն հնարավորություն կտա հարյուրավոր մասնագետների վերապրոֆիլավորվել, ադապտացվել աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև էներգետիկ ձեռնարկությունները համալրել որակյալ մասնագետներով:

Քննարկվել է նաև փոքր ՀԷԿ-երի արդիականացման ծրագիրը բնապահպանական ժամանակակից պահանջներին համապատասխան: Ծրագրի նպատակը ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն է, գետերի բնապահպանական վիճակի բարելավումը և բնապահպանական ազդեցության նվազեցումը: Հնգամյա ծրագրի նախնական արժեքը գնահատվում է շուրջ 120 մլն. դոլար:

Արդյունքում նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով կհագեցվեն և բնապահպանական ժամանակակից չափանիշներին կհամապատասխանեցվեն 20-25 գործող փոքր ՀԷԿ-եր, կբարձրացվի դրանց արդյունավետությունը և կբարելավվի շրջակա միջավայրը:

Այլ լուրեր