
Լճերը կարող են զգալիորեն փոխել ածխածնի ծավալը, որը տեղափոխվում է գետային համակարգերով. որքան ավելի շատ լճերով է հագեցած ջրային ցանցը, այնքան ածխածնի ավելի մեծ բաժինն է հայտնվում մթնոլորտում, այլ ոչ թե տեղափոխվում հոսանքն ի վար։ Այս եզրակացությանն են եկել Շվեդիայի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են երկրի հյուսիսում փոխկապակցված 32 առվակների և լճերի ցանցը։
Գիտնականները համեմատել են մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը լուծված ածխածնի այն քանակի հետ, որը շարունակում էր տեղափոխվել ջրային համակարգով հոսանքն ի վար։ Պարզվել է, որ այն ցանցերում, որտեղ ջրի մակերեսի տարածքը 10 անգամ ավելի մեծ էր, ածխածնի արտանետումները գրեթե կրկնակի ավելի բարձր էին։ Միաժամանակ, նման համակարգերում ջրի մնալու տևողությունն աճում էր մոտ 35 անգամ։
Հետազոտողները ազդեցությունն առաջին հերթին կապում են այն բանի հետ, որ լճերը զգալիորեն դանդաղեցնում են ջրի շարժը։ Արդյունքում ածխածինը ավելի երկար է մնում ջրային համակարգի ներսում, իսկ միկրոօրգանիզմները ավելի շատ ժամանակ են ստանում լուծված օրգանական նյութը վերամշակելու համար։ Այս գործընթացի արդյունքներից մեկը ածխաթթու գազի առաջացումն է, որը կարող է ջրից դուրս գալ մթնոլորտ։
Ազդեցությունն առանձնապես նկատելի է եղել ամռանը՝ ավելի տաք և չոր պայմաններում, հոսքի ցածր մակարդակի դեպքում։ Շարժվող ջրի ավելի փոքր ծավալի պայմաններում ածխածինը ավելի երկար է մնում համակարգում, իսկ ջերմաստիճանի բարձրացումը կարող է արագացնել դրա փոխակերպման կենսաբանական գործընթացները։
Հետազոտողները շեշտում են նաև, որ առվակներն ու գետերը ընդհանուր առմամբ ավելի շատ ածխածին են արտազատում, քան լճերը։ Գլխավոր ազդեցությունը ոչ թե այն է, որ լճերը դառնում են արտանետումների հիմնական աղբյուրը, այլ այն, որ լճերով հարուստ ցանցերում ածխածնի ավելի մեծ բաժինն է արտանետվում մթնոլորտ՝ հոսանքն ի վար հետագա տեղափոխման փոխարեն։
Աղբյուրը՝ Science Daily
Պատկերը՝ Pexels/Rune Bjørnsen