40 տարվա ընթացքում հունական լեռների ձնածածկույթը կրճատվել է 58 տոկոսով

13 Հուլիս, 2026
Պատկերը՝ Hellenic Mountain Observatory

Հունաստանի լեռների ձնածածկույթը բնակչության, գյուղատնտեսության և բնական էկոհամակարգերի համար ջրի կարևոր աղբյուր է չոր ամառային ամիսներին: Վերջին չորս տասնամյակների ընթացքում այն կրճատվել է ավելի քան կիսով չափ: Դրա մասին նշվում է նոր հետազոտության մեջ, որի համահեղինակներն են Կոնստանտինոս Ալեքսոպուլոսը՝ Քեմբրիջի համալսարանի Սքոթի անվան բևեռային հետազոտությունների կենտրոնից, և Իան Ուիլիսը:

Հետազոտողների միջազգային խումբը կիրառել է արբանյակային լուսանկարների, կլիմայական տվյալների, տեղանքի քարտեզների և արհեստական բանականության համադրությունը՝ վերլուծելու համար, թե ինչպես է Միջերկրածովյան տարածաշրջանում ջերմաստիճանի բարձրացումը ազդել հունական լեռների ձնածածկույթի վրա։

Օգտագործելով SnowMapper կոչվող գործիքը՝ հետազոտողները պարզել են, որ վերջին 40 տարվա ընթացքում հունական լեռների ձնածածկույթը կրճատվել է 58%-ով, իսկ 21-րդ դարի սկզբից կրճատման տեմպերն արագացել են: Բացի դրանից, ձյան սեզոնն այժմ ավելի ուշ է սկսվում և ավելի շուտ ավարտվում:

Արդյունքները ցույց են տվել, որ Հունաստանը ձմեռային ձնածածկույթն ավելի արագ է կորցնում, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ բնակչության, գյուղատնտեսության և բնության համար:

Աշխարհի լեռներում ձնածածկույթի կորուստը ևս մեկ կարևոր ցուցիչ է, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը շարունակում ճնշում գործադրել բնական միջավայրի վրա, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հունաստանն է, որտեղ ջրհավաք ավազանները փոքր են, ձմեռային ջերմաստիճանն արդեն մոտ է զրոյին, իսկ ձնհալն օգնում է շոգ ամառային ամիսներին պաշտպանվել երաշտից:

Աղբյուրը՝ Euronews

Պատկերը՝ Hellenic Mountain Observatory

Այլ լուրեր