«Հայաստանում պետք է զարգացնել այլընտրանքային էներգիայի տեսակները»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, «Տեխնո էկո» ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը: Որպես այլընտրանքային էներգիայի միջոցներ նա նշեց արևային էներգիան, հողմային կայանների տեղադրումը: Նա ընդգծեց, որ Հայաստանի միայն հինգ մարզերում է հնարավոր տեղադրել հողմային կայաններ:
«Եկել է պահը, երբ հանրությունը սկսել է մտածել, թե արդյոք այն աղբյուրները, որ մենք ենք կիրառում, հեռանկարայի՞ն են, թե ոչ: Այսօր առաջին հերթին պետք է զարգացնել արևից էներգիա ստանալու միջոցները: Դրանք շատ հասարակ են և աշխարհագրական որևէ խնդիր չեն ունենում: Արևային համակարգերն ավելի արդյունավետ են կախված այն բանից՝ թե ինչ բարձրության վրա են ծովի մակերևույթից: Որքան բարձր, այնքան լավ: Հայաստանում նման պարագայում կարելի է ավելի շատ էներգիա ստանալ, քան արևից ստանում են եվրոպական երկրները»,- ասաց նա:
Միխայիլ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում արդեն արտադրվում են արևային կոլեկտորներ և արդեն շուրջ 10 մլն դրամի վաճառք են իրականացրել:
«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ընդգծեց, որ եթե սպառողներն այսօր հոսանքի համար վճարում են 30 դրամ, ապա այլընտրանքային էներգիայից օգտվելու պարագայում կվճարեն 100 դրամ: