Շվեդիայում բիոգազի սարքվածքի և աղբի այրման գործարանի միջև ընկած գրասենյակային շենքում կկառուցեն ուղղահայաց քաղաքային ջերմոց:
Ստոկհոլմից երկու ժամ հեռավորության վրա գտնվող Լինչոպինգ քաղաքում կառուցվում է 59 մետր բարձրությամբ գրասենյակային շենք, որի մի կողմը իրենից ներկայացնելու է ուղղահայաց ջերմոց:
Նախագծողները խոստանում են, որ ջերմոցում հնարավոր կլինի արտադրել տարեկան մոտ 500 000 կգ բերք: Այդ քանակությունը բավարար է, որպեսզի մեկ տարվա ընթացքում 5 500 մարդ ապահովված լինի բուսական արտադրանքով:
Ուղղահայաց ջերմոցով շենքի տեղակայման վայրը պատահական չէ. այն կառուցվում է այնպիսի օբյեկտների միջև, ինչպիսիք են բիոգազի սարքվածքը և աղբի այրման գործարանը:
Բիոգազի սարքվածքը վերամշակում է այդ թաղամասի տների և շենքերի թափոնները՝ արտադրելով CO2 և սննդարար նյութեր, որոնք նախատեսվում է օգտագործել ջերմոցի աշխատանքի համար: Ջերմոցի գործունեության արդյունքում ստացված օրգանական թափոնները ետ կուղարկվեն այնտեղ վերամշակման:
Ջերմոցին էլեկտրաէներգիա կմատակարարի աղբի այրման գործարանը, որը նույնպես էլեկտրաէներգիա է արտադրում թափոններից: Ավելցուկային ջերմությունը, որը, ամենայն հավանականությամբ, կստանա ջերմոցը, կուղղեն շենքի մյուս կողմում գտնվող գրասենյակների ջեռուցմանը: