Նոր ուսումնասիրության մեջ գիտնականները սնկի մեջ գտել են աշխարհի ամենադառը նյութը՝ դրա մոլեկուլային կազմում հայտնաբերելով մի քանի նախկինում անհայտ միացություններ։
Ստիպտիկա սունկը (Amaropostia stiptica) այնքան դառն է, որ համի ֆիզիոլոգների և կենսաքիմիկոսների մի խումբ կենտրոնացել է դրա մոլեկուլային կազմի ավելի մանրամասն ուսումնասիրության վրա՝ հասկանալու համար, թե ինչու է ընդհանրապես գոյություն ունենում դառը համը։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հանդիպել են նախկինում անհայտ երեք դառը միացությունների, որոնցից մեկը համարվում է աշխարհի ամենաուժեղ դառը նյութը։ Այն կոչվում է օլիգոպորին D և ակտիվացնում է մարդու դառը համի ընկալիչ TAS2R46-ը անգամ աննշան կոնցենտրացիաներում։
Լաբորատորիայում աճեցված համտեսողական բջիջներում փորձարկվել են երեք միացություններ։ Գիտնականները պարզել են, որ այս միացություններից յուրաքանչյուրն ակտիվացնում է մարդու դառը համի ընկալիչների 25 տեսակներից առնվազն մեկը։
Հայտնի է, որ մեր լեզուների վրա գտնվող համային ընկալիչները կարող են ստիպել մեզ թքել հատկապես դառը նյութերը: Սակայն, ինչպես գիտենք, մարդիկ սիրում են փորձել այնպիսի բաներ, որոնք կվախեցնեն մյուս արարածներին։ Սա գիտնականներին հանգեցրել է այն ենթադրությանը, որ դառը համը գոյություն ունի մարդկանց հետ պահելու ուտելուց այն, ինչ չպետք է ուտեն։ Չնայած կան բազմաթիվ բացառություններ, այս տեսությունը գնալով ավելի անկայուն է դառնում։
Ավելի շփոթեցնող է այն փաստը, որ այսպես կոչված «համային» ընկալիչները գտնվում են մարմնի այլ մասերում, այդ թվում՝ հաստ աղիքում, ստամոքսում և նույնիսկ մաշկի տակ: Դրանք կատարում են բոլորովին այլ գործառույթներ։
Հետազոտողները կարծում են, որ որքան շատ տվյալներ ունենանք դառը միացությունների տարբեր դասերի և համային ընկալիչների տեսակների ու տարբերակների մասին, այնքան ավելի լավ գիտնականները կկարողանան մշակել կանխատեսողական մոդելներ՝ օգտագործելով համակարգային կենսաբանության տեխնիկաներ՝ նոր դառը միացությունները բացահայտելու և հետևանքները կանխատեսելու համար։
Աղբյուրը՝ Newsweek
Պատկերը՝ Shutterstock/FOTODOM