Ինչու՞ է Երկիրը սառցապատ մնացել 56 միլիոն տարի. վճռորոշ դերը պատկանել է ծովի հատակին

30 Մարտ, 2026
Պատկերը՝ earth.com

Մոլորակի պատմության ամենաերկարատև և դաժան սառցե դարաշրջաններից մեկը՝ այսպես կոչված «Ձնագունդ-Երկիրը», տևել է մոտ 56 միլիոն տարի: Երկար ժամանակ գիտնականները նման տևողությունը բացատրում էին հիմնականում հրաբխային ակտիվությամբ և CO2-ի արտանետումներով, սակայն Վաշինգտոնի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս. երկարատև սառեցման մեջ գլխավոր դերը կարող էր խաղալ ծովի հատակի արագացված հողմահարումը: 

Երկրաբանական տվյալները վկայում են, որ ավելի քան 600 միլիոն տարի առաջ Երկիրը վերապրել է գրեթե ամբողջական սառցապատման առնվազն երկու դրվագ: Մի դեպքում սառույցը պահպանվել է տասնյակ միլիոնավոր տարիներ, մյուսում՝ ընդամենը մոտ չորս միլիոն: Նախկինում համարվում էր, որ նման ժամանակահատվածների տևողությունը որոշվում էր հիմնականում ածխաթթու գազի հրաբխային արտանետումներով. որքան շատ CO2, այնքան արագ էր մոլորակը հալվում:

Սակայն ամերիկացի գիտնականների իրականացրած մոդելավորումը այլ պատկեր է ցույց տվել: 10 հազար սիմուլյացիաների շրջանակում նրանք հետևել են, թե ինչպես է ածխածինը տեղաշարժվել մթնոլորտի, օվկիանոսի և լեռնային ապարների միջև: Պարզվել է. հրաբխային ակտիվության համադրելի ծավալների դեպքում տևական սառեցումը հնարավոր է միայն օվկիանոսի հատակին քիմիական ռեակցիաների կտրուկ արագացման պայմաններում:

Նրանց հաշվարկներով՝ տևական սառցապատման ժամանակ այս գործընթացն ընթացել է 25–53 անգամ ավելի արագ, քան այսօր: Օվկիանոսի հատակը վերածվել է ջերմոցային գազերի հսկայական «կլանիչի», ինչն էլ թույլ չի տվել մոլորակին արագ հալվել:

Եվս մեկ կարևոր պայման է դարձել ծովի ջրում սուլֆատների ցածր կոնցենտրացիան: Դրանց պակասի դեպքում հանքանյութերն ավելի վատ են փակում կեղևի ճեղքերը. ծակոտկենությունը պահպանվում է, ջրի շրջանառությունն ուժեղանում է, իսկ քիմիական ռեակցիաները՝ շարունակվում: Ստացվել է փակ շրջան. որքան ցուրտ է, այնքան դանդաղ է տաքացումը, և այնքան երկար է տևում սառցապատումը:

Նախկինում հիմնական ուշադրությունը դարձվում էր հրաբուխներին և մթնոլորտային CO2-ին: Այժմ գիտնականները ցույց են տալիս, որ օվկիանոսի քիմիան և ծովի հատակի գործընթացները կարող էին լինել ոչ պակաս կարևոր, իսկ որոշ դեպքերում՝ նաև վճռորոշ: Սա նոր հայացք է բացում այն հարցի շուրջ, թե ինչպես է մոլորակը դուրս գալիս գլոբալ սառեցումներից և որքան երկար դրանք կարող են տևել:

Աղբյուրը՝ Geology

Պատկերը՝ earth.com

Այլ լուրեր