Աշոտ Մանուկյանը պարգևներ է հանձնել բնագավառում մեծ վաստակ ունեցող մասնագետներին

15 Հունվար, 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ու Էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է ոլորտի մասնագետներին, մաղթել ընտանեկան անդորր, անամպ երկինք և անխափան աշխատանք:

«Մեր մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է միմյանց շնորհավորելու, այլ նաև հետադարձ հայացք ձգելու անցած մեկ տարվա ընթացքին, գնահատելու արվածը և խոսելու անելիքների մասին: Այս առումով այսօր մենք արձանագրելու բան իսկապես ունենք, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Թող գալիք տարին դառնա նորանոր նվաճումների, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի»,- ասել է նախարարը:

Աշոտ Մանուկյանը ՀՀ վարչապետի և իր անունից պարգևներ է հանձնել ոլորտի վաստակաշատ մասնագետներին։

Էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի, բեղմնավոր աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի «Էներգակապ» մասնաճյուղի տնօրենի խորհրդական Ֆելիքս Հակոբջանյանը, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վասիլ Խաչատրյանը, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ կաթսատուրբինային արտադրամասի 6-րդ կարգի էլեկտրաեռակցող Հովհաննես Կարապետյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի ռեակտորային արտադրամասի պետ Ավետիք Արսենյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը։

Էներգետիկայի բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» հուշամեդալով խրախուսվել են «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի դուստր «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի անվտանգության ճարտարագետ- տեսուչ Վիկտոր Ավագյանը, «Էրիկ ՓՀԷԿ» ՍՊԸ-ի ՀԷԿ-ի պետ Յուրի Հովհաննիսյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռազմիկ Խաչատրյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի խոշոր սպառողների սպասարկման տնօրինության տնօրենի տեղակալ Արամ Ալեքսանյանը։

Հայաստանի Հանրապետության ընդերքի բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի «Հայաստանի Հանրապետության ընդերքի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» հուշամեդալով խրախուսվել են նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Էքսկավատորի օպերատոր Վարուժան Օհանջանյանը, «Պոլի Արմ» ՍՊԸ-ի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հանքապոչային տնտեսության կարգավորող Վիգեն Մարտիրոսյանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ավտոինքնաթափի վարորդ Նարեկ Արշակյանը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Հովսեփյանը։

Այլ լուրեր