ADVANTAGE AUSTRIA տարածաշրջանային մենեջեր Մայքլ Անգերերի հրավերով «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ Գլխավոր տնօրենը մասնակցել է 2018թ. Արևելյան Գործընկերության բիզնես ֆորումին, որը կայացել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Ավստրիայում՝ Վիեննա քաղաքում: ADVANTAGE AUSTRIA-ն, որն ունի մոտ 110 գրասենյակ ավելի քան 70 երկրներում, առաջարկում է տեղեկատվական և գործարար զարգացման ծառայությունների մատուցման լայն շրջանակ ինչպես ավստրիական ընկերություններին, այնպես էլ նրանց միջազգային գործընկերներին:
«EaP Business Forum»-ի համապատասխան բիզնես գործընկերների որոնման հարթակները և ֆորումը հնարավորություն ընձեռեցին ԵՄ անդամ պետությունների և ԵՄ վեց Արևելյան գործընկեր պետությունների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) ընկերությունների ներկայացուցիչներին, փորձագետներին և պետական կառույցների ներկայացուցիչներին փոխանակվել վերականգնվող էներգիայի աղբյուրների էներգետիկ արդյունավետության ոլորտի և թվային շուկայի տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներով և տեսակետներով:
«Մեր ընկերությունը առաջին անգամ էր մասնակցում նման ներկայանալի միջոցառման: Վերջինս ոչ միայն հրաշալի հնարավորություն էր ներկայացնել մեր ընկերության հնարավորությունները և կարողությունները, այլ նաև կառուցել նոր փոխշահավետ գործարար հարաբերություններ հնարավոր ներդրողների և շուկայի հանրաճանաչ խաղացողների հետ»,- ասել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը:
Ֆորումի կազմակերպիչների կարծիքով առևտրի ընդլայնումը և ներդրումների ծավալների ավելացումը, որին նպաստում է բարեհաջող գործարար և ներդրումային միջավայրը, հանգեցնում է նոր աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի, վերջնական արդյունքում՝ նաև բարգավաճման, և այդպիսով նպաստում է արևելյան գործընկեր երկրների և նրանց բնակչության կայուն անվտանգությանը: