Ռուսաստանը և Իրանը գազային ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

30 Մարտ, 2017

Ռուսաստանը և Իրանը փոխում են խաղի կանոնները Հայաստանի գազային շուկայում,  գրում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունները:

Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են գազային ոլորտում համագործակցության մասին: Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի բանակցությունների արդյունքներով ստորագրվել է գազային ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը սահմանում է ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության և «Իրանի ազգային նավթային ընկերության» (NIOC) միջև փոխգործակցություն:

Ընկերությունները նաև կնքել են գաղտնիության մասին համաձայնագիր:

«Վեդոմոստի»-ն ավելի վաղ հաղորդել էր, որ «Գազպրոմ»-ը մտադիր է Հայաստանում Հրազդանի ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան փոխանակել Իրանից գազի հետ: «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ ընկերությունը հայկական շուկայում աշխատանքի արդյունավետության բարձրացման ներուժ է տեսնում իրանական գազի դիմաց Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիայի փոխանակման հաշվին:

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ 2016 թվականի դեկտեմբերին Իրանը կարգավորել է «Հարավային Պարս» հանքավայրի մշակման առնչությամբ «Գազպրոմ»-ին ունեցած պարտքերի հետ կապված հարցերը: «Գազպրոմ»-ը մասնակցել է հանքավայրի երկրորդ և երրորդ հատվածների զարգացման նախագծին՝ ֆրանսիական Total-ի և մալայզիական Petronas-ի հետ: NIOC-ը փոխհատուցումներ է վճարել նախագծի մասնակիցներին, սակայն 2010 թվականից վճարումները դադարեցվել էին Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցների ուժեղացման պատճառով:

Այլ լուրեր