Photo credit: Ministry of Foreign Affairs of Romania / Andreea Tănase
Էներգո ինվեստ հոլդինգի գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը հունիսի 25-ին մասնակցել է «Արևելյան գործընկերության» (ԱլԳ) Բուխարեստում կայացած 6-րդ գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության խորհրդում նախագահող Ռումինիայի կողմից Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնատար անձինք, ձեռնարկատերեր Եվրոպական Միության և ԱլԳ անդամ երկրներից, ինչպես նաև առևտրի ոլորտում գործունեություն ծավալող շահագրգիռ միջազգային ֆինանսական ինստիտուտների և գործակալությունների ներկայացուցիչներ:
Համաժողովում հանդես են եկել Ռումինիայի բիզնեսի, առևտրի և ձեռնարկատիրության հարցերով նախարար Շտեֆան-Ռադու Օփրյան, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսիաշվիլին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Գործնական հանդիպումների շրջանակներում պրն. Ա. Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական ներդրող ընկերությունների ներկայացուցիչների հետ. քննարկվել է նրանց հնարավոր մասնակցությունը Հոլդինգի կողմից Հայաստանում իրականացվող նախագծերին:
«Արևելյան գործընկերություն»-ը (ԱլԳ) ԵՄ, նրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի մասնակցությամբ համատեղ նախաձեռնություն է: Վերջինիս նպատակն է ստեղծել ժողովրդավարության, բարգավաճման, կայունության և սերտ համագործակցության ընդհանուր տարածաշրջան: