Ամենաթանկ ու հազվագյուտ մետաղն ամենևին էլ ոսկին չէ

19 Հունիս, 2023
Պատկերը՝ RHJPhoto/Shutterstock

Ընդունված է, որ ոսկին ամենաթանկարժեք ու հազվագյուտ մետաղներից է։ Դա, անշուշտ, այդպես է, բայց մեկ այլ մետաղ՝ ռոդիումը, ակնհայտորեն ավելի թանկ արժե և բնության մեջ ավելի հազվադեպ է հանդիպում: 

Ռոդիումը հազվագյուտ մետաղ է պլատինի ընտանիքից, որը չի փոխազդում թթվածնի հետ։ Այն դիմացկուն է կոռոզիայի և օքսիդացման հանդեպ, հալման ջերմաստիճանը՝ մոտ 19640 ըստ Ցելսիուսի։ Ռոդիումը հիմնականում օգտագործվում է տրանսպորտային միջոցների արտանետումների կատալիզացման մեջ՝ աղտոտող նյութերի արտանետումները նվազեցնելու համար: Այն օգտագործվում է նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են թանկարժեք զարդերն ու տվյալների պահպանման սարքերը: 

Ռոդիումը հայտնաբերվել է 1803 թվականին՝ բրիտանացի քիմիկոս Ուիլյամ Հայդ Վոլասթոնի կողմից։ Պլատինի հանքանյութի նմուշն ուսումնասիրելիս Վոլասթոնը նկատել է արծաթափայլ-սպիտակ մետաղի առկայություն, որը չէր համապատասխանում պլատինի խմբի այդ ժամանակ հայտնի մյուս մետաղներից որևէ մեկին: Նա նոր մետաղն անվանել է «ռոդիում»՝ հունարեն «ռոդոն» բառից, որը նշանակում է «վարդ», քանի որ մետաղը ռոդիումի սուլֆատի լուծույթին վարդագույն գույն է տալիս:

Ռոդիումը պարունակվում է երկրակեղևում՝ մոտ 0,000037 մաս/միլիոն քանակությամբ: Համեմատության համար նշենք, որ ոսկին, ըստ Թագավորական քիմիական ընկերության, պարունակվում է մոտ 0,0013 մաս/ միլիոն քանակությամբ: 

Մետաղը հիմնականում արդյունահանվում է Հարավային Աֆրիկայում։ Ռոդիում արտադրող այլ երկրների թվում են Ռուսաստանը, Կանադան և ԱՄՆ-ը, սակայն դրանց արդյունահանումը շատ ավելի ցածր է: Ռոդիումը սովորաբար արդյունահանվում է որպես պլատինի ու պլատինի խմբի այլ մետաղների արդյունահանման կողմնակի արդյունք, քանի որ այդ մետաղները հաճախ հանդիպում են միևնույն հանքավայրերում: 

Այն արդյունահանվում է հիմնականում ստորգետնյա ճանապարհով տարեկան մոտ տասնվեց տոննա (ենթադրվող պաշարը 3000 տոննա է)։ 

Աղբյուրը՝ “New Science”

Պատկերը՝ RHJPhoto/Shutterstock




Այլ լուրեր