ԱՄՆ խոշորագույն բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել երկրի նավթագազային ընկերություններին, որոնք դժվարին վիճակում են հայտնվել ածխաջրածնային հումքի ցածր գների և կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով: Այս մասին հայտնել է Եվրամիությունում Միացյալ Նահանգների նախկին մշտական ներկայացուցիչ Բոյդեն Գրեյը, ով ղեկավարում է Boyden Grey & Associates փաստաբանական ընկերությունը։
Ըստ նրա՝ ԱՄՆ բանկերը «փաստացի բոյկոտում են ԱՄՆ նավթագազային հատվածը՝ առաջնորդվելով քաղաքական նկատառումներով և գտնվելով շրջակա միջավայրի պաշտպանության ջատագովների ճնշման տակ»: Սովորական իրավիճակում ֆինանսական կառույցները, ընդհակառակը, մրցում են միմյանց հետ՝ կորպորատիվ հաճախորդներին վարկեր տրամադրելու հնարավորություն ստանալու համար: Նման մրցակցությունը նպատակաուղղված է խթանելու կապիտալի բաշխմանը եկամտաբեր նախագծերի իրականացման համար, որոնք իրենց հերթին ապահովում են ապրանքների և ծառայությունների մատչելի գներով տրամադրումը սպառողներին, պարզաբանել է փաստաբանը, ում ընկերությունը ներկայացնում է ամերիկյան էներգետիկ ընկերությունների շահերը:
Հրապարակման համաձայն՝ Citibank, Goldman Sachs, JPMorgan Chase, Morgan Stanley և Wells Fargo բանկերը գրեթե միաժամանակ դադարել են իրացվելությամբ հագեցնել ԱՄՆ նավթագազային ոլորտը: Այս ֆինանսական հաստատությունները նույնիսկ խոստացել են դադարեցնել Արկտիկայում նավթի հետախուզման հետ կապված նախագծերի և ածուխի արդյունահանման ոլորտում վարկավորումը: Խոշոր բանկերի մեջ միակ բացառությունը դեռ Bank of America-ն է: Աշխարհի խոշորագույն BlackRock ներդրումային հիմնադրամը դեռ այս տարվա հունվարին հայտարարել էր, որ չի զբաղվի ձեռնարկությունների գործերով, որոնց՝ ածուխի օգտագործումից ստացված հասույթի բաժինը գերազանցում է 25 տոկոսը, հիշեցրել է Գրեյը:
Նույն ներդրումային հիմնադրամն ավելի քան 450 միջազգային ներդրողների հետ միասին կնքեց Climate Action 100+ անվանումով համաձայնագիրը։
Իրավաբանի տեսակետից՝ նման նախագծերը, ըստ էության, «հրավեր են՝ միանալու ամերիկյան տնտեսության կարեւորագույն հատվածը բոյկոտելու դավադրությանը»: Գրեյը մեջբերում է ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի այն տեսակետը, որ նման նախագծերը, եթե դրանք աննկատ թողնվեն, կարող են հակամենաշնորհային օրենսդրության խախտում դառնալ, նույնիսկ՝ այնպիսի ֆորմալ նշանների բացակայության դեպքում, ինչպիսիք են գաղտնի դավադրության առկայությունը կամ նյութական շահի բացակայությունը դրա արդյունքում:
Ավելի քան 12 ամերիկյան նավթագազային ընկերություն ստիպված էր դիմել ԱՄՆ սնանկության մասին օրենքի 11-րդ գլխին՝ նավթի համաշխարհային գների անկման պատճառով, որը մասամբ պայմանավորված է ՕՊԵԿ+-ի մասնակիցների միջև վեճերով: Ապրիլի 20-ին տեխասյան WTI տեսակի նավթի արժեքն առաջին անգամ Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազեց մինչեւ բացասական ցուցանիշներ։
ՕՊԵԿ+ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից, այն մայիս-հուլիս ամիսներին նավթի արդյունահանման օրական 9․7 միլիոն բարելով կրճատում է ենթադրում դաշինքի երկրների կողմից։ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան, պայմանավորվածությունների համաձայն, կկրճատեն նավթի արդյունահանումը հավասար բաժնեմասերով՝ օրական 2․5 միլիոն բարել 11 մլն բարել բազայն մակարդակից։
Համաձայնագրերն ուժի մեջ կլինեն երկու տարի, սակայն օգոստոսից մինչեւ 2020 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում պետք է կրճատվի օրական 7․7 միլիոն բարել, իսկ 2021-ի հունվարից մինչեւ 2022-ի ապրիլի վերջը՝ օրական 5․8 միլիոն բարել: Գործարքի պարամետրերը կարող են վերանայվել 2021 թվականի դեկտեմբերին:
Աղբյուրը՝ WSJ, The New York Times