Նոյեմբերի 15-ին Էներգո ինվեստ հոլդինգի (ԷԻՀ) թիմը գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է ANDRITZ HYDRO GmbH (Ավստրիա) համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Պ. Շվարցի հետ: Քննարկվել են Հոլդինգի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի հետ կապված համագործակցության հնարավոր ուղիները:
Մասնավորապես, քննարկվող հարցերի շրջանակներում էր ANDRITZ HYDRO-ի հնարավոր մասնակցությունը «Շնող» հիդրոէլեկտրակայանի ծրագրին, ինչպես նաև գերժամանակակից սարքավորումների մատակարարումը ՁորաՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքավորումների փոխարինման համար:
Հարկ է ընդգծել, որ համանման բանակցություններ ընթանում են նաև ամերիկյան General Electric Hydro ընկերության և երեք այլ ավստրիական ընկերությունների՝ Voith Hydro GmbH & Co KG, Kössler GmbH & Co KG և GUGLER Water Turbines GmbH հետ: Բոլոր այս ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցել վերոհիշյալ ծրագրերին՝ սկսած էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքավորումների մատակարարումից մինչև մասնակցությունը «Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացնող ընկերության կանոնադրական կապիտալում: