Նորվեգիայում ներկայացվել է աշխարհում առաջին ինքնավար էլեկտրական բեռնատար նավը

20 Դեկտեմբեր, 2021

Նորվեգական Yara ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին լիովին էլեկտրական Yara Birkeland ինքնակառավարվող բեռնատար նավը: Այն պատրաստվում է նավարկել Նորվեգիայի հարավային ափի երկայնքով՝ դառնալով վնասակար արտանետումների մակարդակը նվազեցնելու՝ Նորվեգիայի ծրագրերի կարևոր բաղադրիչը։

Հաղորդվում է, որ 80 մետրանոց ինքնավար բեռնարկղային նավը պետք է օգտագործվի հարավային Նորվեգիայի Yara's Porsgrunn գործարանի և Բրևիկի նավահանգստի միջև բեռնափոխադրումների համար, որոնք գտնվում են միմյանցից 14 կիլոմետր հեռավորության վրա: Նավի աշխատանքային փորձարկումները կսկսվեն հաջորդ տարի:

Սկզբնական փուլում նավը կկառավարվի մարդու կողմից, իսկ լիովին ինքնավար կդառնա միայն երկու տարի հետո։ Այն կկարողանա բեռնել և բեռնաթափել բեռնարկղերը, ինչպես նաև լիցքավորել մարտկոցներն առանց մարդու միջամտության։

Yara Birkeland էլեկտրանավի շահագործումը կնվազեցնի ածխածնի արտանետումները տարեկան 1000 տոննայով: Yara ընկերության համար սա արտանետումների զգալի կրճատում է, քանի որ ընկերության Porsgrunn գործարանը Նորվեգիայում CO2 արտանետումների ամենախոշոր աղբյուրներից մեկն է Նորվեգիայում:

«Մենք կատարեցինք այս տեխնոլոգիական թռիչքը՝ ցույց տալու համար, որ դա հնարավոր է։ Ես կարծում եմ, որ աշխարհում շատ երթուղիներ կան, որոնցով այս տեսակի նավերը կարող են նավարկել»,- նշել է Yara ընկերության գործադիր տնօրեն Սվեյն Թորե Հոլսեթերը:

Աղբյուրը՝ Reuters

Լուսանկարը՝ REUTERS/Victora Klesty

Այլ լուրեր