Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերված խորհրդավոր անոմալիան կարող է փոխել Եվրոպայի կլիման

24 Օգոստոս, 2026
Պատկերը՝ Feifei Cui-Paoluzzo/Getty Images

Գիտնականների միջազգային խումբը հանգել է այն եզրակացության, որ Հյուսիսային Ատլանտիկայում՝ Գրենլանդիայից դեպի հարավ գտնվող հայտնի «սառը բիծը» հիմնականում առաջացել է Ատլանտյան միջօրեականային շրջադարձային շրջանառության (AMOC) թուլացման պատճառով, որը մոլորակի կլիման կարգավորող առանցքային համակարգերից մեկն է։ 

Սա օվկիանոսի անոմալ սառը հատված է, որն արդեն մի քանի տասնամյակ առանձնանում է համընդհանուր տաքացման ֆոնին։ Նախկինում այն կապում էին առավելապես օվկիանոսի մակերևույթից ջերմության ուժեղացված տվչության (հեռացման) հետ, սակայն նոր վերլուծությունը լրիվ այլ պատկեր է ցույց տվել։

AMOC-ն աշխատում է որպես օվկիանոսային հսկայական «փոխակրիչ». այն տաք մակերևութային ջրերը արևադարձերից տեղափոխում է հյուսիս և հետ է վերադարձնում սառը խորքային ջրերը։ Հենց այս շրջանառությունն է մեծապես ապահովում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի համեմատաբար մեղմ կլիման։ Նոր հաշվարկների համաձայն՝ մինչև 2100 թվականը AMOC-ը կարող է թուլանալ 51%-ով. սա 60%-ով ավելի է, քան կանխատեսում էին նախորդ մոդելները։ 

Համակարգի հնարավոր ամենավաղ փլուզումը, ըստ գնահատականների, կարող է վրա հասնել արդեն 2026 թվականին, իսկ ջերմոցային գազերի բարձր արտանետումների դեպքում միջին սցենարը նախատեսվում է 2063 թվականին։ Թուլացման հիմնական գործոնը Գրենլանդական սառցադաշտային վահանի ինտենսիվ հալչումն է։ Քաղցրահամ ջուրը նոսրացնում է Հյուսիսային Ատլանտիկայի աղի ջրերը՝ խախտելով խտության գրադիենտը, որն էլ հենց շարժման մեջ է դնում ամբողջ շրջանառությունը։

Սա սպառնում է լուրջ կլիմայական փոփոխություններով Եվրոպայում և մոլորակի այլ տարածաշրջաններում։ Հետազոտության հեղինակները կոչ են անում AMOC-ի վիճակը ներառել գլոբալ կլիմայական առանցքային ցուցանիշների թվում՝ ջերմաստիճանի և CO-ի մակարդակի հետ հավասար։

Աղբյուրը՝ Live Science

Պատկերը՝ Feifei Cui-Paoluzzo/Getty Images


Այլ լուրեր