Awesome Foundation հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արեւային կայանը: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի կայքից:
Կայանը ամբողջությամբ աշխատում է մաքուր արեւային էներգիայով, իսկ արեւային վահանակները լիցքավորում են վերալիցքավորվող լիթիումային մարտկոցը, որն էլ, իր հերթին, լիցքավորում է կայանին միացված հեռախոսները:
Հայտնի է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաեւ ամպամած եղանակին, երբ արեւ չկա կամ էլ գիշերը: Կայանն ունի երեք արեւային վահանակ եւ վեց միակցիչ, որոնց կարելի է միացնել միանգամից վեց բջջային հեռախոս։
Մարտկոցի ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է 4-6 ժամ ցերեկային լույս, որի դեպքում կայանը կարող է էներգիա տրամադրել սարքերին 40+ ժամ ժամկետով:
Awesome Foundation միջազգային կազմակերպությունը զբաղվում է աշխարհում հետաքրքիր գաղափարների իրագործմամբ: Հիմնադրամը միկրովարկեր է տրամադրում այն մարդկանց, ովքեր ոչ սովորական նախագծեր են մշակում: