Լուսանկարը՝ DW
ԱՄՆ Օվկիանոսի և մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA) տեղեկացրել է, որ 2021 թվականի մայիսին Երկրի վրա ածխաթթու գազի արտանետումների միջին մակարդակը կազմել է մեկ միլիոնի համար 419,13 մաս: NOAA-ի փորձագետ Փիթեր Թանսը նշել է, որ սա նոր ռեկորդ է:
419,13 մասը 1,82 մասով ավելի է նախորդ տարվա մայիս ամսվա տվյալներից և 50 տոկոսով ավելի նախարդյունաբերական մակարդակից (280 մաս մեկ միլիոնի համար): Գիտնականները նշել են, որ CO2-ի մակարդակը ամեն տարի մայիսին՝ Հյուսիսային կիսագնդում բույսերի ծաղկման շրջանում, հասնում է առավելագույնին:
«Ածխաթթու գազի արտանետումները հանածո վառելիքի այրումից գերազանցում են այն ծավալները, որ բույսերը կարող են «սպառել», ուստի արդյունաբերականացումը անընդհատ ավելացնում է CO2-ի արտանետումները՝ հասցնելով նոր ռեկորդների», - պարզաբանել է Թանսը: Ինչպես հավելել է Կոռնելի համալսարանի կլիմայագետ Նատալի Մահովալդը, ածխաթթու գազի կոնցենտրացիայի 50 տոկոսով աճը նախարդյունաբերական մակարդակներից նոր իրողություն է, որի հետ մարդկությունը պետք է հաշվի նստի:
«Եթե ձգտում ենք դանդաղեցնել կլիմայական փոփոխությունները, ապա պետք է ավելի շատ ջանք ներդնենք ածխաթթու գազի արտանետումները նվազագույնի հասցնելու համար», - ասել է Մահովալդը` հավելելով, որ համաճարակի ընթացքում CO2-ի արտանետումները որոշակիորեն նվազել են, սակայն բավարար չեն գլոբալ տաքացումը դանդաղեցնելու համար:
Աղբյուրը՝ News.am