Լուսանկարը՝ Unsplash
Արկտիկական սառույցները, հավանաբար, գլոբալ տաքացման առաջին զոհերը կդառնան։ Հավանականությունը, որ ամռանը սառույցը լիովին կհալվի, տասն անգամ մեծ կլինի, եթե Երկիրը մինչարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատությամբ միջինը երկու աստիճանով տաքանա։
«Արկտիկան կլիմայի տաքացման իսկական թեժ կետ է»,- ասել է Դանիայի եւ Գրենլանդիայի երկրաբանական ինստիտուտի սառցադաշտաբան Ջեյսոն Բոքսը: Հարյուր տարուց էլ քիչ ժամանակում՝ 1971-2019 թվականներին, Արկտիկայում միջին տարեկան ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի աճել է 3,1 աստիճանով, մինչդեռ ամբողջ մոլորակի վրա նույն ցուցանիշն աճել է 1 աստիճանով:
Արկտիկական մոնիթորինգի և գնահատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույց է պատրաստել: Ըստ զեկույցի, շրջադարձային պահը եղել է 2004 թվականին, երբ Արկտիկայի տարածքում ջերմաստիճանը բարձրացավ անհասկանալի պատճառներով: Այդ ժամանակից ի վեր աճը շարունակվում է մոտ 30%-ով ավելի արագ, քան նախկինում էր: Տարածաշրջանը տաքացման ավելի ու ավելի երկարատև շրջափուլեր է ապրում, իսկ օվկիանոսի ջերմությունը սրում է իրավիճակը ամռան ամիսներին:
Հեղինակները կանխատեսում են, որ դարավերջին Արկտիկայում միջին ջերմաստիճանը կբարձրանա նվազագույնը 3,3 աստիճանով և առավելագույնը 10-ով` 1985-2014 թվականների համեմատ, կախված ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու աստիճանից։
Գլոբալ տաքացման հետևանքները կանդրադառնան Արկտիկայի էկոհամակարգի վրա, այդ թվում՝ կենդանիների բնակավայրերի և նրանց փոխհարաբերությունների վրա: Բացի այդ, անտառային հրդեհները կուժեղանան, օրինակ՝ Սիբիրում: Իսկ դրանք, իրենց հերթին, կդառնան ածխաթթու գազի էլ ավելի մեծ արտանետումների աղբյուր:
Այս ամենը կանդրադառնա տարածաշրջանում ապրող 4 միլիոն բնակչության, առաջին հերթին՝ բնիկների վրա: Նրանք արդեն հայտնում են, որ փոկերի որսը դժվարանում է, վայրի կենդանիների առողջությունը վատթարանում է, ձկների եւ ծովային կենդանիների մեջ ավելի ու ավելի շատ են որդեր հանդիպում: Բարձր խոնավության ու անձրևի տեսքով տեղումների պատճառով եղնիկները սատկում են: Վերջապես, սառցադաշտերի հալվելը բարձրացնում է համաշխարհային օվկիանոսի մակարդակն ու ազդում Հյուսիսային բևեռից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող մարդկանց կյանքի վրա:
Աղբյուրը՝ ՄԱԿ նորություններ