
Ավելի քան 25 տարի աստղագետները վիճում են ժամանակակից տիեզերաբանության գլխավոր հանելուկներից մեկի շուրջ. ինչո՞ւ են տարբեր մեթոդները տալիս Տիեզերքի ընդարձակման արագության (Հաբլի հաստատունի) տարբեր արժեքներ: Սա այսպես կոչված «Հաբլի լարվածությունն» է: Այժմ Իլինոյսի և Չիկագոյի համալսարանների գիտնականների խումբն առաջարկում է այս մեծությունը չափելու նոր միջոց՝ տարածության-ժամանակի մեջ առաջացող փոքրիկ ծփանքների՝ գրավիտացիոն ալիքների օգնությամբ: Նրանց մեթոդը, որն անվանվել է «ստոխաստիկ սիրեններ», կարող է դառնալ այս վեճի անկախ իրավարարը:
Տիեզերքի ընդարձակման արագությունը չափվում է երկու հիմնական եղանակով: «Ներքևից»՝ ըստ մոտակա օբյեկտների (Ia տիպի գերնոր աստղեր, ցեֆեիդներ) չափելիս ստացվում է մի արժեք: «Վերևից»՝ ըստ վաղ Տիեզերքի (ռելիկտային ճառագայթում, տիեզերաբանության ստանդարտ մոդել) չափելիս տացվում է մեկ այլ արժեք, և դրանք մի քանի տոկոսով տարբերվում են միմյանցից:
Տարբերությունը փոքր է թվում, բայց տիեզերաբանության համար սա աղետ է. նշանակում է՝ մենք ինչ-որ բան չենք հասկանում կամ վաղ Տիեզերքի, կամ ժամանակակից Տիեզերքի ֆիզիկայում: Անհրաժեշտ է երրորդ՝ անկախ մեթոդ, և գրավիտացիոն ալիքները կարող են դառնալ այդպիսին:
Գիտնականներն առաջարկում են չափել Տիեզերքի ընդարձակման արագությունը (Հաբլի հաստատունը) հազարավոր հեռավոր սև խոռոչների բախումներից առաջացած գրավիտացիոն ալիքների ֆոնային աղմուկի՝ «ստոխաստիկ սիրենների» միջոցով: Մեթոդն անկախ է մյուս մոտեցումներից և կարող է լուծել «Հաբլի լարվածությունը»՝ մոտակա և հեռավոր Տիեզերքից ստացված արժեքների միջև եղած հակասությունը: Առաջին թեստերը հուշում են ավելի արագ ընդարձակման մասին: Իրական ճշգրտությունը կհայտնվի 5–6 տարի հետո, երբ դետեկտորները դառնան ավելի զգայուն:
Աղբյուրը՝ University of Illinois
Պատկերը՝ NASA