Գիտնականները ստեղծել են Երկրի մագնիսական դաշտից 700 հազար անգամ ավելի ուժեղ մագնիսական դաշտ

27 Հոկտեմբեր, 2025
Պատկերը՝ Science TV Channel

Չինաստանի գիտությունների ակադեմիայի պլազմային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները լիովին գերհաղորդիչ մագնիս են ստեղծել։ Դրա միջոցով ֆիզիկոսները կարողացել են ստեղծել ռեկորդային մագնիսական դաշտ՝ 35,1 տեսլա ուժգնությամբ, որը Երկրի գլոբալ մագնիսական դաշտից 700 հազար անգամ ուժեղ է։ Ռեկորդային մագնիսական դաշտը մնացել է կայուն 30 րոպե: Նախորդ ռեկորդը 32,35 տեսլա էր։

Ըստ գիտնականների՝ նոր գերհաղորդիչ մագնիսը կարող է օգտագործվել գերհզոր մագնիսներ պահանջող ցանկացած տեխնոլոգիայում, մասնավորապես՝ աէրոտիեզերական էլեկտրամագնիսական շարժիչում, հզորության փոխանցման, մագնիսառեզոնանսային շերտագրման և ջերմամիջուկային սինթեզի բնագավառում։

Ավելի ուժեղ մագնիսական դաշտ ստեղծելու համար ֆիզիկոսները համատեղել են ցածր ջերմաստիճանի մագնիսներն ավելի բարձր ջերմաստիճաններում գործող մագնիսների հետ։ Գերհաղորդականության հասնելու համար հաճախ անհրաժեշտ են չափազանց ցածր ջերմաստիճաններ։ Գերհաղորդիչ մագնիսներն արդեն օգտագործվում են մագնիսառեզոնանսային շերտագրման սարքերում և մասնիկների արագացուցիչներում: Գերհաղորդիչ մագնիսները ևս կարևոր են ջերմամիջուկային ռեակտորների աշխատանքի համար։

Այս ռեակտորները ենթարկվում են ջերմամիջուկային սինթեզի՝ ատոմների (հիմնականում ջրածնի իզոտոպների) միաձուլման, որը հսկայական քանակությամբ էներգիա և ջերմություն է անջատում: Այդ ջերմությունը փոխանցվում է գերհաղորդիչ մագնիսներին, որոնք նախատեսված են միաձուլման ռեակցիան անվտանգ կերպով զսպելու համար։

Նոր լիովին գերհաղորդիչ մագնիսը կարող է բարելավել ջերմամիջուկային սինթեզի փորձերը, որը, ինչպես հայտնի է, պահպանում է աստղերը, այդ թվում՝ Արեգակը: Երկրի վրա կայուն և վերահսկվող ջերմամիջուկային միաձուլումը կապահովի գործնականում անսահմանափակ էներգիա: Ներկայում գիտնականներն աշխատում են փորձարարական ջերմամիջուկային ռեակտորների հետ, բայց ապագայում կարող են մշակվել միաձուլման էլեկտրակայաններ, որոնք նման կլինեն ատոմակայաններին, բայց վնասակար ռադիոակտիվ թափոններ չեն արտադրի:

Աղբյուրը՝ Gizmodo

Պատկերը՝ Science TV Channel

Այլ լուրեր