Եգիպտոսի պատմական քաղաքներից մեկն ավերվում է ծովի մակարդակի բարձրացման հետևանքով

16 Հունիս, 2025
Պատկերը՝ Khaled Desouki/AFP/Getty Images

Գիտնականները պարզել են, որ եգիպտական Ալեքսանդրիա քաղաքը կործանվում է ծովի մակարդակի բարձրացման հետևանքով: Ըստ նոր հետազոտության՝ հինավուրց քաղաքի առափնյա հատվածում շենքերի փլուզման հաճախությունը վերջին տասնամյակում աճել է՝ հասնելով տարեկան մեկից մինչև 40-ի:

Վերջին 20 տարիների ընթացքում 2300-ամյա այս նավահանգստային քաղաքի 280 շենք փլուզվել է ափերի էրոզիայի հետևանքով, ևս 7000-ը փլուզման վտանգի տակ է։ Միայն 2014- 2020 թվականներին քաղաքում փլուզվել է 86 շենք, իսկ 201-ը՝ մասամբ, ինչի հետևանքով 85 մարդ է զոհվել:

Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության տվյալներով՝ 1880 թվականից ի վեր Միջերկրական ծովի միջին մակարդակը բարձրացել է 20-23 սանտիմետրով, իսկ միայն 1993 թվականից՝ 10 սանտիմետրով:

Հետազոտության ընթացքում գիտնականները քարտեզագրել են Ալեքսանդրիայի փլուզված շենքերը 2001-2021 թվականներին և համեմատել 1974-2021 թվականների արբանյակային պատկերները 1887, 1959 և 2001 թվականների քաղաքի քարտեզների հետ՝ ծովի մակարդակի բարձրացումը որոշելու համար: Օգտագործելով այս տվյալները՝ նրանք պարզել են, որ Ալեքսանդրիայի ափամերձ գիծը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեղափոխվել է տասնյակ մետր դեպի ցամաք, իսկ որոշ շրջաններում հողի էրոզիան հասնում է տարեկան 24-36 մետրի:

Հետազոտողները միաժամանակ վերլուծել են հողերի քիմիական իզոտոպները՝ պարզելու համար հողի էրոզիայի աստիճանը:

«Մեր իզոտոպային վերլուծությունը ցույց տվեց, որ շենքերը փլուզվում են ներքևից վեր, քանի որ ծովի ջրի ներթափանցումը քայքայում է դրանց հիմքերը և թուլացնում հողը», - ասված է հետազոտության համահեղինակ Իբրահիմ Սալեհի՝ Ալեքսանդրիայի համալսարանի հողի ճառագայթման մասնագետի հայտարարության մեջ: «Ոչ թե բուն շենքերն են տուժում, այլ դրանց տակի հողը»:

Աղբյուրը՝ CNN

Պատկերը՝ Khaled Desouki/AFP/Getty Images

Այլ լուրեր