Մարդիկ երբեմն ունենում են զգացում, որ ժամանակն ավելի արագ է թռչում տարիքի հետ: Այսինքն՝ օրեր, ամիսներ և նույնիսկ տարիներ արագընթաց գնացքի պես սուրում են, ինչը տեղի չի ունեցել երիտասարդ տարիքում։ Իրականում ժամանակի ընկալումն ինքնին փոխվում է տարիքի հետ։
Գիտնականները կարծում են, որ ժամանակի մասին մարդու ընկալումը տարիքի հետ փոխվում է ուղեղի և մարմնի ֆիզիկական փոփոխությունների պատճառով, երբ մենք ծերանում ենք: Հետազոտության հեղինակներն ասում են, որ կան տարբերություններ ժամացույցով չափվող ժամանակի և մեր ուղեղի ընկալած ժամանակի միջև։
Ժամանակը, որն ընկալում է մեր ուղեղը, պատկերների հաջորդականություն է, որոնք արտացոլում են մեզ շրջապատող աշխարհը և ստեղծվում են մարդու զգայարանների կողմից: Պարզ ասած՝ մարդու ուղեղը մշակում է մի շարք մտավոր պատկերներ՝ հիմնվելով մեր տեսածի, լսածի և փորձի վրա: Երբ մարդիկ երիտասարդ են, ուղեղն ավելի արագ է ընդունում և մշակում այդ պատկերները: Գիտնականները նշում են, որ տարիքի հետ տեսողական մշակումը դանդաղում է ֆիզիկական փոփոխությունների պատճառով, ինչպիսիք են ուղեղի նյարդային ուղիների քայքայումը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ օրերը, որոնք լցված են նոր տեղեկություններով կամ ավելի ակտիվ գործունեությամբ, ավելի երկար են թվում, քան սովորական օրերը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղը ավելի շատ տեղեկատվություն է մշակում և ավելի շատ մտավոր պատկերներ է ստեղծում: Երբ տարիքի հետ նյարդային ուղիները քայքայվում են, ուղեղից ավելի երկար ժամանակ է պահանջվում նոր ինֆորմացիա մշակելու համար: Սա նշանակում է, որ ուղեղը նույն ժամանակահատվածում ավելի քիչ մտավոր պատկերներ է ստեղծում: Հետևաբար, ժամանակը կարծես ավելի արագ է թռչում:
Կա ևս մեկ պատճառ։ Մասնավորապես, տարիքի հետ մարդու կյանքն ավելի է հագեցած առօրյայով։ Այսինքն՝ ավելի քիչ նշանակալից իրադարձություններ և նախկինում անհայտ տեղեկություններ են հայտնվում մարդու կյանքում։ Հետևաբար, մարդիկ ավելի քիչ նոր փորձառություններ են ստանում: Արդյունքում մարդուն թվում է, որ օրերը, շաբաթները և ամիսներն ավելի արագ են անցնում, քանի որ ուղեղը ունի ավելի քիչ հիշարժան իրադարձություններ, որոնք պետք է մշակվեն՝ մի ժամանակահատվածը մյուսից տարբերելու համար:
Գիտնականները նաև կարծում են, որ սոցիալական ցանցերի չափից ավելի օգտագործումը կարող է խեղաթյուրել մարդու կողմից ժամանակի ընկալումը։ Տեղեկատվության անվերջ հոսքը կարող է մարդկանց համար աննկատ կերպով րոպեները վերածել ժամերի։ Ուստի մարդը կորցնում է ժամանակի իրական ընթացքի զգացումը։
Մեկ այլ կարևոր գործոն, որն ազդում է ժամանակի ընկալման վրա, կապված է հոգնածության և քնի պակասի հետ: Այս դեպքում ուղեղն ավելի դժվար է մշակում տեղեկատվությունն ու օրերը կարճանում են, քանի որ հիշվող իրադարձությունները քիչ են։
Աղբյուրը՝ BBC
Պատկերը՝ BBC/ Uroš Jovičić