Երկրի մթնոլորտում գլոբալ տաքացմանը նպաստող ջերմոցային գազերի՝ածխաթթու գազի, մեթանի և ազոտի օքսիդի կոնցենտրացիան 2023 թվականին դարձյալ հասել է առավելագույն ցուցանիշների՝ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Դրա մասին հայտնել է ԱՄՆ-ի օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը (NOAA):
Հանածո վառելիքի այրման, անասնաբուծության զարգացման և անտառահատումների պատճառով ածխաթթու գազի մակարդակը ներկայում 50%-ով բարձր է, քան մինչև զանգվածային արդյունաբերականացման դարաշրջանը:
Մեթանը մթնոլորտ է նետվում նավթի և գազի հորանցքեր փորելիս, ինչպես նաև կովերի և այլ որոճող կենդանիների բնական թափոններից։ Ներկայում դրա կոնցենտրացիան մթնոլորտում 160%-ով ավելի է, քան նախաարդյունաբերականացման ժամանակներում։
Ազոտի օքսիդի մակարդակը մոտ մեկուկես դարում մթնոլորտում աճել է 25%-ով՝ ազոտական պարարտանյութերի լայնածավալ օգտագործման, կեղտաջրերի մաքրման և վառելիքի այրման պատճառով:
NOAA-ի գիտնականների տվյալներով՝ մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան ներկայում համեմատելի է մոտ 4,3 միլիոն տարի առաջ եղածի հետ: Այն ժամանակ մարդիկ չկային, ծովի մակարդակը գրեթե 23 մետրով բարձր էր, իսկ արկտիկական տունդրայում ծառեր էին աճում։
Ջերմոցային գազերը գլոբալ տաքացման հիմնական գործոններից են։ Համաշխարհային ջերմաստիճանի բարձրացման պատճառով ջրհեղեղները, երաշտները, անտառային հրդեհները, փոթորիկները, սառնամանքի և ջերմային ալիքներն ավելի հաճախ են տեղի ունենում և դառնում ավելի ինտենսիվ: Բնական աղետները հանգեցնում են մարդկանց և կենդանիների մահվան և արտագաղթի, տների և ենթակառուցվածքների ավերմանը, արոտավայրերի ոչնչացմանը:
Պատկերը. Sebastião Moreira/EPA/The Guardian