Գիտնականները կուսումնասիրեն վիկինգների զենքի քիմիական բաղադրությունը

02 Հունվար, 2023
Պատկերը՝ Radifah Kabir/news.abplive.com

Նոթինգհեմի համալսարանի մի խումբ գիտնականներ սկսել են ուսումնասիրել այն մետաղների քիմիական բաղադրությունը, որոնցից պատրաստվել են վիկինգների զենքերը: Դա թույլ կտա մասնագետներին որոշել դրանց ծագումը։ Հետազոտության արդյունքները պատմաբաններին կօգնեն ավելի լավ հասկանալ այն կարևոր իրադարձությունները, որոնք փոխել են Անգլիայի պատմության ընթացքը։

Փորձագետներն ուսումնասիրում են վիկինգների դարաշրջանի 90 մետաղական արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել են տարբեր ժամանակներում՝ Անգլիայի ողջ տարածքում: Պատմաբանները կուսումնասիրեն այն զենքերը, որոնք սկանդինավցիների կողմից օգտագործվել են Հյուսիսային Յորքշիրում ու Բեբինգթոն Հիթում, Ֆուլֆորդի մարտերում։ Կուսումնասիրվեն նաև վիկինգների՝ Լինքոլնշիրում գտնվող Տորքսիի ճամբարի զենքերն ու Մեոլս նավահանգստում հայտնաբերված արտեֆակտները:

Վիկինգների զենքերը նրանց օգնել են Բրիտանիայի տարբեր տարածքներում նվաճումների ժամանակ։ Անկախ նրանից, թե քանի անգամ են պարտվել վիկինգները՝ սկսած 793-ից, երբ նրանք առաջին անգամ հիմնավորվեցին Բրիտանիայում, մինչև 1066թ., երբ Վիլյամ Նվաճողը դարձավ Անգլիայի թագավոր, նրանք ցուցաբերել են զարմանալի համառություն և միշտ հասել են իրենց նպատակներին:

1066թ․ սեպտեմբերի 20-ին Ֆուլֆորդի ճակատամարտը անգլո-սաքսոնական և սկանդինավյան զորքերի վերջին բախումներից մեկն էր, երբ վիկինգները ջախջախեցին անգլիական զորքերին, բայց հինգ օր անց՝ 1066թ․ սեպտեմբերի 25-ին իրենք պարտվեցին Ստեմֆորդ Բրիջի ճակատամարտում։

Ըստ հետազոտողների՝ 1066թ․ սեպտեմբերին երկու մարտերի միջև ընկած ժամանակահատվածում վիկինգները Ֆուլֆորդի ճամբարում ստեղծել են երկաթի մշակման շարժական կայաններ, որոնք, սակայն, ստիպված են եղել լքել Ստեմֆորդում կրած պարտությունից հետո։ Զենքի մեծ մասը, որն ուսումնասիրում է Նոթինգհեմի համալսարանի հետազոտական խումբը, արտադրվել է հենց այս ժամանակահատվածում։

Գիտնականներն ուզում են երկաթի, կապարի և ստրոնցիումի իզոտոպների ուսումնասիրությամբ որոշել մետաղի քիմիական իզոտոպային հետքը վիկինգների զենքերում: Կապարի իզոտոպային անալիզն արդեն հաջողությամբ օգտագործվել է արծաթյա և պղնձե հնագույն արտեֆակտների ծագումը որոշելու համար:

Աղբյուրը՝ University of Nottingham Press

Պատկերը՝ Radifah Kabir/news.abplive.com

 

Այլ լուրեր