Առաջիկա տարիներին SpaceX ընկերության կողմից մշակվող Starship տիեզերանավը տիեզերագնացներին կտեղափոխի Լուսին, իսկ ապագայում կթռչի դեպի Մարս։ Ներկայում ընկերությունը տիեզերանավը պատրաստում է թռիչքների և փորձարկում է այն։
Մերձերկրյա ուղեծրով փորձնական թռիչքի նախապատրաստական աշխատանքների շրջանակում SpaceX-ը փորձարկել է Super Heavy (Booster 7) հրթիռի առաջին աստիճանի 11 շարժիչները։ Փորձարկումը տևել է 13 վայրկյան՝ շարժիչների ստատիկ աշխատանքի պայմաններում։
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկն այս մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա տարածել է SpaceX-ի էջում տեղադրված տեսանյութը և գրել, որ սա «ևս մեկ քայլ է դեպի Մարս»։
Raptor 2 տեսակի 33 շարժիչներից 11-ի փորձարկումը տեղի է ունեցել Տեխասում։ Այն տևել է 13 վայրկյան: Փորձարկված շարժիչների քանակով այս փորձարկումը նոր ռեկորդ չի սահմանել, քանի որ նոյեմբերի 14-ին ընկերությունը փորձարկել էր 14 շարժիչ։ Այնուամենայնիվ, ընթացիկ թեստը համարվում է ամենաերկարը: Այն անցել է առանց պայթյունների ու այլ խնդիրների։
Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա մոտ ապագայում, ևս մի քանի ստատիկ փորձարկումներից հետո, կիրականացվի Starship-ի պատմության մեջ առաջին ուղեծրային թռիչքը։ Ակնկալվում է, որ դրանց կմասնակցեն և՛ Booster 7-ը, և՛ Ship 24-ը՝ Starship-ի երկրորդ աստիճանի շարժիչի 50 մետրանոց նախատիպը։ Բոլոր վեց Ship 24 շարժիչներն արդեն ստատիկ փորձարկում են անցել։
Եթե ուղեծրային թռիչքը հաջող ընթանա, ապա Starship-ն իր առաջին Super Heavy շարժիչներով պաշտոնապես կհամարվի աշխարհի ամենահզոր հրթիռը։ Առայժմ այդ տիտղոսը պատկանում է NASA-ի Space Launch System (SLS) հրթիռին, որն օգտագործվել է Artemis 1 լուսնային առաքելության ժամանակ։
Ակնկալվում է, որ հենց Starship-ը կմասնակցի Artemis-ի հաջորդ առաքելություններին. NASA-ն դեռ անցյալ տարի էր որոշել, որ 2025 թվականին Լուսնի վրա մարդկանց վայրէջքով առաջին առաքելությունն իրականացնելու համար պետք է կիրառվի Starship-ը: Ավելին, գործակալությունը որոշել է SpaceX-ին վստահել նաև Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքով երկրորդ առաքելությունը, որը նախատեսված է 2020-ականների վերջին։
Աղբյուրը՝ Space.com
Պատկերը՝ SpaceX via Twitter