Գարնանային վարարումների ժամանակ, մասնավորապես, փոքր ՀԷԿ-երի ամենամեծ խնդիրը գետի ջրի աղտոտվածությունն է: Ջուրն իր հետ բերում է մեծաքանակ աղբ, որի հետևանքով հաճախակի խցանվում են տուրբինի թիակներն ու տուրբինը կանգ է առնում: Արդյունքում փոքր հիդրոկայանների հարկադիր պարապուրդը բերում է վիթխարի ֆինանսական վնասների:
«Էրիկ» հիդրոկայանում յուրօրինակ լուծում են գտել: ՀԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Յուրի Հովհաննիսյանի նախագծով Հրազդանի ՋԷԿ-ի ճարտարագետներն ու մասնագետները կառուցել են իր տեսակի մեջ եզակի մեխանիկական ջրազտիչ սարքավորում, որն ապահովում է տուրբին մուտք գործող Գետիկ գետի ջրերի մաքրումը մեխանիկական խառնուրդներից:
Սարքավորումը Գետիկ գետի վրա տեղադրվել և հաջողությամբ փորձարկվել էր փետրվար ամսին: Սարքավորումն ապացուցեց իր արդյունավետությունը: Մարտ-ապրիլ ամիսներին գետի վարարումների ժամանակ «Էրիկ» ՀԷԿ-ի հարկադիր պարապուրդի ժամերը հասցվել են 0-ի:
«Սարքավորումը շատ պարզ կառուցվածք ունի, - ասում է հեղինակը' Յուրի Հովհաննիսյանը, - մաքրման կառույցը իրենից ներկայացնում է կորագիծ ճաղավանդակ, որը պահում է աղբը: Ճաղավանդակի մաքրումը իրականացվում է թիակներով, որոնք շարժվում են շրջանագծով: Թիակները աշխատում են ինչպես էլեկտրաշարժիչի օգնությամբ, այնպես էլ ջրի հոսքի հաշվին վահանների օգնությամբ»: