Լաս Վեգասի բոլոր քաղաքային օբյեկտները՝ փողոցի լամպերից մինչև քաղաքի զբոսայգիները, համայնքային կենտրոնները և հրշեջ կայանները, այժմ աշխատում են բացառապես վերականգնվող էներգիայով, ինչը դարձնում է այն ամենամեծ քաղաքն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որն օգտագործում է էներգիայի այդպիսի աղբյուր:
«Հիմա մենք սակավաթիվ քաղաքներից մեկն ենք աշխարհում, որն էլեկտրաէներգիա է ստանում էկոլոգիապես մաքուր ճանապարհով», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լաս Վեգասի քաղաքապետ Քերոլին Գուդմանը:
Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող «NV Energy» ընկերության կողմից «Boulder Solar 1» մեծ արևային էլեկտրակայանի բացմամբ նպատակն իրականություն է դարձել։
«Այսօր, իրոք, հպարտության օր է Լաս Վեգասի համար», - նշել է քաղաքապետը:
Համաձայն Պենսիլվանիա նահանգի համալսարանի՝ վերականգնվող էներգիան ստացվում է բնական գործընթացներից, որոնք մշտապես համալրվում են։ «Դա ներառում է արևի լույսը, գեոթերմիկ ջերմությունը, քամին, մակընթացություններն ու տեղատվությունները, ջուրը և կենսազանգվածի այլ տարրեր», - նշել է հաստատությունը։
Ինչպես հաղորդում է «The Huffington Post»-ը, չնայած որ ներկայումս Լաս Վեգասի բոլոր պետական հիմնարկներում կիրառվում է միայն վերականգնվող էներգիա, շատ բնակելի և կոմերցիոն շինություններ դեռ չեն աշխատում վերականգնվող էներգիայով։
Անցումը վերականգնվող էներգիայի օգտագործմանը թույլ կտա քաղաքին, ընդհանուր առմամբ, տարեկան մոտ 5 մլն դոլար խնայել էլեկտրաէներգիայի սպառման գծով։ Քաղաքը վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 40 մլն դոլարի ներդրում է իրականացրել վերականգնվող էներգիայի ոլորտում։
Ինչպես հաղորդում է «The Sierra Club»-ը, Սան Ֆրանցիսկոն և Սան Խոսեն այն խոշոր քաղաքներից են, որոնք նախատեսում են մինչև 2035թ․ անցնել ամբողջությամբ վերականգնվող էներգիայի օգտագործմանը: