Նիդերլանդները էականորեն զիջում են վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրության ծավալներով. Ինչու՞

02 Ապրիլ, 2020

Share of renewable energy in EU countries (Photo: Eurostat)

Ներկայում Նիդերլանդները էականորեն զիջում են ԵՄ երկրների մեծ մասին վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրության ծավալներով:

Փաստացի, 2018 թվականին Նիդերլանդներում օգտագործվող էներգիայի միայն 7,4 տոկոսն է ստացվել կայուն աղբյուրներից, հետևաբար, համաձայն ԵՄ կանոնների, այն 2020 թվականին պետք է լինի ոչ պակաս 14 տոկոսից:

Նիդերլանդներում վերականգնվող էներգիան արտադրվում է հիմնականում բիովառելիքից, թափոններից և քամուց, իսկ երկրաջերմային, արևային և հիդրո էներգետիկայի դերը շատ չնչին է: 

Եվրոստատի տվյալներով վերականգնվող էներգիայի աղբյուրների ցածր ցուցանիշներ ունեն նաև Մալթան (8,0%), Լյուքսեմբուրգը (9,1%) և Բելգիան (9,4%):

Այնինչ ընդհանուր առմամբ 12 անդամ երկրներ՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Խորվաթիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Կիպրոսը, Ֆինլանդիան և Շվեդիան արդեն հասել և գերազանցել են 2020 թվականի համար նախատեսված իրենց ազգային նպատակային ցուցանիշները: 

2018-ին ամենամեծ մասնաբաժինը Շվեդիայինն էր, ընդ որում վերջինս իր էներգիայի կեսից ավելին (54,6 տոկոսը) ստանում է վերականգնվող աղբյուրներից, մասնավորապես, հիդրոէներգետիկայից և բիոէներգիայից:

Շվեդիային հաջորդում են Ֆինլանդիան (41,2%), Լատվիան (40,3%), Դանիան (36,1%) և Ավստրիան (33,4%):

ԵՄ-ում վերականգնվող աղբյուրների համար 2020 թվականի նպատակն է վերջիններիս մասնաբաժինը հասցնել 20 տոկոսի, 2030 թվականին՝ 32 տոկոսի:

Տրանսպորտի համար օգտագործվող էներգիայում վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժինը շարունակում է մնալ չնչին. տրանսպորտի համար օգտագործվող էներգիայի միայն 8 տոկոսն է ստացվում վերականգնվող աղբյուրներից:

Եվրոպայում տրնասպորտային ցանցին բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների մոտ մեկ քառորդը և հանդիսանում է քաղաքների օդի աղտոտվածության հիմնական պատճառ:

Եվրոպական Հանձնաժողովի տվյալներով կլիմայական չեզոքության հասնելու համար 2050 թվականին անհրաժեշտ կլինի 90 տոկոսով կրճատել տրանսպորտային արտանետումները:

Աղբյուրը՝ euobserver.com

Այլ լուրեր