Հայաստանի լեռներում, 30 աստիճան ցրտի պայմաններում հայ մասնագետները շարունակում են էներգիայի նոր աղբյուր փնտրել: Եթե հետազոտողների դրական կանխատեսումներն իրականանան, Հայաստանը կդառնա տարածաշրջանի երկրաջերմային էներգիա արտադրող առաջին ու առայժմ միակ երկիրը:
Հայաստանի հարավում շարունակվում են երկրաջերմային էներգիայի աղբյուրի որոնման աշխատանքները: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Սյունիքի լեռներում, Քարքար կոչվող տեղանքում, ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա մասնագետներն արդեն երկրորդ հորատանցքն են հորատել:
«Երեկվա դրությամբ 1675մ-ի ենք հասել: Այդ մակարդակի վրա ջրի կորուստը 100%-ի հասնում, և ենթադրում ենք, որ հասել ենք խոռոչին»,- ներկայացնելով հետազոտական աշխատանքների ընթացքը՝ նշեց փոխնախարարը:
Հայկ Հարությունյանի խոսքով` առաջին և երկրորդ հորատանցքերի ուսումնասիրության արդյունքները թույլ են տալիս խոսել Սյունյաց լեռներում երկրաջերմային կայան ունենալու հավանականության մասին: Երկրաջերմային էներգետիկան վերականգնվող էներգետիկ ռեսուրս է, որը հնարավորություն է տալիս ստորգետնյա տաք ջրերի ջերմային էներգիան փոխակերպել էլեկտրականության: Եթե սպասվող արդյունքները հաստատվեն, Հայաստանը կդառնա տարածաշրջանի երկրաջերմային կայան ունեցող առաջին և առայժմ միակ երկիրը:
«Հրավիրել ենք փորձարկողների՝ թեստավորողների, որոնք աշխատում են տեղում և մինչև տարեվերջ մեզ արդյունքները կտան։ Հավանականությունն օրեցօր աճում է: Չեմ ուզում 100%-ով ասել, բայց ռեսուրսն ունենք: Եթե տեխնիկական այլ խնդիրներ չառաջանան կկառուցենք»,- ասաց փոխնախարարը:
Նշենք, որ հորատման և հետազոտական աշխատանքները մեկնարկել էին դեռևս ամռանը: Առաջին հորատանցքը փորվել էր 1500մ խորությամբ: Երկրորդը նախատեսվում է հասցնել մինչև 2000մ-ի: Աշխատանքները շարունակվում են անգամ հիմա, երբ բարձրլեռնային այդ տեղանքում գիշերը ջերմաստիճանը հասնում է -30 աստիճանի:
Երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվում են Կլիմայի ներդրումային հիմնադրամի և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ: Իսկ ծրագրի հաջողության դեպքում կայանի կառուցման ու շահագործման համար կհայտարարվի միջազգային մրցույթ:
«Մրցույթի հիմնական առարկան լինելու է առաջարկվող սակագինը։ Ով ամենաէժան սակագինը կառաջարկի, նրան էլ կտրվի կայանը կառուցելու և շահագործելու իրավունքը»,- ասաց Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ կայանի կառուցումը կարժենա շուրջ 100 մլն դոլար: Իսկ կայանի հզորությունը նախատեսված է 30 մգվտ:
Ի դեպ, Քարքարից բացի, երկրաջերմային էներգիայի պոտենցիալ աղբյուրներ կան նաև Ջերմաղբյուրում, Գրիձորում ու Հայաստան-Վրաստան սահմանին: Բայց այդտեղ ուսումնասիրությունների մասին առայժմ վաղ է խոսել: