Դեկտեմբերի 27-ին «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ (ԷԻՀ) ներկայացուցիչները հանդիպել են Երևանում Միացյալ Թագավորության փոխդեսպան տկն. Էլիսոն Չիքի և դեսպանության առևտրի ու զարգացման հարցերի պատասխանատու պրն. Արտաշես Դավթյանի հետ: Քննարկվող հարցերի շարքում էին “Շնող” ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման ընթացքը, մասնագիտական վերապատրաստման կենտրոնի կառուցումը, ինչպես նաև Հայաստանում վերականգնվող ու այլընտրանքային էներգետիկայի ոլորտի հեռանկարային զարգացումները:
Նշվել է, որ “Շնող” ՀԷԿ-ի ծրագիրն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային այնպիսի հայտնի ընկերությունների մոտ, ինչպիսիք են ամերիկյան The Robbins և ավստրիական ANDRITZ HYDRO ընկերությունները: Վերջիններս հայտարարել են նախագիծն իրականացնող ընկերության կանոնադրական կապիտալում հնարավոր մասնակցության մասին: Նրանք պատրաստ են մատակարարել իրենց արտադրության սարքավորումները:
Ընդգծվել է նաև, որ շինարարության ընթացքում ստեղծվելու են շուրջ 1200 բարձր վարձատրվող աշխատատեղեր: Կայանն արտադրելու է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 7%-ը: Զրուցակիցները կարևորել են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրությունները, որոնք իրականացվելու են մինչև ծրագրի հաստատումը:
Ինչ վերաբերվում է մասնագիտական վերապատրաստման կենտրոնին, ապա նշվել է, որ ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ուսումնական կենտրոնի կառուցման գլխավոր նպատակը էնեգետիկայի ոլորտի մասնագետների վերապատրաստումն է: Այն հնարավորություն կընձեռի հարյուրավոր մասնագետների համապատասխանել աշխատանքային շուկայի նոր պայմաններին և պահանջներին, ինչպես նաև էներգետիկ ոլորտի ընկերությունները համալրել որակավորված մասնագետներով:
Հաշվի առնելով բրիտանական ուսումնական կենտրոնների բարձր վարկանիշը՝ ԷԻՀ-ը պատրաստվում է համագործակցություն հաստատել՝ կենտրոնում իրականացվելիք ուսումնական ծրագրերի և սեմինարների բարձր որակն ապահովելու, ինչպես նաև իր ունկնդիրների համար միջազգային չափանիշներին համապատասխան ավարտական որակավորման քննություններ անցկացնելու նպատակով:
Հանդիպման ավարտին տիկին Չիքը վստահեցրեց, որ Բրիտանական դեսպանությունը աջակցում է հայ և բրիտանական բիզնեսի միջև փոխշահավետ համագործակցության խթանմանը: