Այս տարվա ապրիլին առաջին անգամ վերականգնվող էներգիայի աղբյուրները ավելի շատ էներգիա են մատակարարել Ամերիկայի ցանցին, քան ածուխը: Աշխարհի երկու երրորդում վերջիններս դարձել են էներգիայի ամենաէժան ձևը:
Համաձայն BloombergNEF կանխատեսումների 2050 թվականին երկիր մոլորակի կեսը էլեկտրաէներգիա կստանա արևային և հողմային էներգիայից: Մինչ այդ ԱՄՆ-ում գրեթե կանհետանա ածխային և միջուկային արդյունաբերությունը՝ դուրս մղվելով ավելի էժան վերականգնվող էներգիայի աղբյուրների և բնական գազի կողմից:
Վերականգնվող էներգիայի շուկայի տրիումֆը նշանավորվում է գլոբալ տաքացման դեմ պայքարում խոշորագույն հաղթանակով: Արևն ու քամին տարածվում են ոչ թե բարոյական նկատառումներից ելնելով, այլև այն պատճառով, որ այժմ աշխարհի երկրների մեծ մասում դրանք հանդիսանում են էներգետիկ բիզնեսի ամենաշահավետ մասը: Արտադրությունը, որ մի ժամանակ հենվում էր սուբսիդիաների վրա, այժմ ամրացրել է իր դիրքերը:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը սովորաբար հանդիսանում է ջերմոցային գազերի արտանետման աշխարհի խոշորագույն աղբյուրը: Սկսած 1970-ականներից ԱՄՆ-ում առաջին անգամ դա այլևս այդպես չէ: 2016 թվականից ամերիկյան էլեկտրակայանները արտանետում են ավելի քիչ ածխաթթու գազ, քան երկրի տրասպորտային ոլորտը, որտեղ շարունակում է գերիշխել նավթը:
Արևային, հողմային և հիդրոէներգետիկ ռեսուրսները միասին արտադրում են համաշխարհային էլեկտրաէներգիայի ավելի քան քառորդ մասը: BNEF գնահատմամբ Չինաստանում և Հնդկաստանում այդ բաժինը 2050 թվականին կգերազանցի 60 տոկոսը, իսկ Եվրոպայում՝ 90 տոկոսը: