Երկրագնդի մակերևույթի տակ հազար անգամ ավելի շատ ջուր կա, քան աշխարհի բոլոր գետերում ու լճերում։ Այդ ստորերկրյա ջրերին է բաժին ընկնում մոլորակի համարյա ողջ քաղցրահամ ջուրը։
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ այնքան ստորգետնյա ջրեր են արդյունահանում, որ դա ոչ միայն բարձրացնում է ծովի մակարդակը, այլև ամբողջ մոլորակը տեղաշարժում է իր առանցքի շուրջ։
Երկրի պտույտի բևեռը ամեն տարի սովորաբար փոխվում և տեղաշարժվում է մի քանի մետրով։ Բազմաթիվ գործոններ են նպաստում առանցքի այս տատանմանը, ներառյալ՝ ամեն գարուն Հյուսիսային կիսագնդում ձյան և սառույցի հալչելը, ինչը զգալիորեն փոխում է Երկրում ջրային զանգվածի բաշխումը։
Ստորգետնյա ջրերի դուրս բերումը ևս վերաբաշխում է ջրային զանգվածը։ Ստորերկրյա ջրերը բնական կերպով գտնվում են մայրցամաքների տակ, սակայն դուրս բերելուց հետո դրանց 80%-ը գետերով հասնում է դեպի օվկիանոս, այդպիսով ջրային զանգվածը Երկրի մայրցամաքներից տեղաշարժելով դեպի օվկիանոսներ։
Պարզվել է, որ մարդիկ այնքան ստորերկրյա ջրեր են հանել, որ դա հանգեցրել է Երկրի պտույտի բևեռի դեպի արևելք 64,16 աստիճանով տեղաշարժին՝ մոտավորապես տարեկան 4,36 սանտիմետր 1993-2010 թվականների ընթացքում։
Ստորերկրյա ջրերը օգտագործվում են աշխարհում ոռոգման մոտավորապես 40%-ի համար և ապահովում են ամբողջ խմելու ջրի գրեթե կեսը։ Դրանց ոչ խելամիտ արդյունահանումը կարող է սպառնալ ջրային էկոհամակարգերին, ջրի պակաս առաջացնել և բարձրացնել ծովի մակարդակը։
Աղբյուրը՝ CNN