Նոր ներդրումային հնարավորությունների և համագործակցության հետքերով

17 Հուլիս, 2019

Լուսանկարը: cecoforma

«Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը ս.թ. հուլիսի 10-11-ը մասնակցել է Բաթումիում (Վրաստան) կայացած «Պրահայից հետո 10 տարի անց» խորագրով Արևելյան գործընկերության (ԱԳ) 1-ին ներդրումային ֆորումին Բաթումյան միջազգային 16-րդ կոնֆերանսի շրջանակներում, որը նվիրված էր ԱԳ տասնամյակին և կազմակերպված էր Եվրոպական Հանձնաժողովի, Վրաստանի Կառավարության և Կառավարման և էկոնոմիկայի Եվրոպական կենտրոնի հետ համատեղ:

Ֆորումի հիմնական նպատակն էր ներդրումային նախագծերի, այդ թվում՝ համատեղ ձեռնարկությունների հնարավորությունների առաջխաղացումը ԱԳ երկրների հիմնական այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները (ներառյալ՝ տուրիզմը և լոգիստիկան), էներգետիկան, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Ֆորումի շրջանակներում մասնակցիների կողմից քննարկվել է նաև ԱԳ Ծրագրերի ազդեցությունը վեց անդամ-գործընկերների ներդրումային միջավայրի վրա:

Ֆորումին մասնակցել են ԱԳ երկրների նախարարներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև բիզնես լիդերներ, բիզնես կառուցվածքներ, միջազգային կազմակերպություններ, դոնորներ, միջազգային ֆինանսական ինստիտուտներ և ԶԼՄ-ներ ինչպես ԱԳ, այնպես էլ ԵՄ անդամ երկրներից: Մասնավորապես, խմբային քննարկումներին մասնակցություն են ունեցել նաև Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպումների ժամանակ Ա. Պետրոսյանը «ԷԻ Հոլդինգ» ՓԲԸ-ի ընթացիկ նախագծերը ներկայացրել է Համաշխարհային բանկի, ԵՆԴ-ի և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև հանդիպել Megger և TERNA ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ա. Պետրոսյանի խոսքերով ֆորումը բավականին հաջողված էր և տեղեկատվական, որին հաջորդեցին շատ արդյունավետ գործնական հանդիպումներ, որոնք որոշակի պահի կարող են վերածվել մինչև իսկ ներդրումային ծրագրերի և երկարաժամկետ գործընկերական հարաբերությունների:

Այլ լուրեր