Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտողները հայտնագործել են արևային վահանակների նոր տեսակ, որոնք արևային լույսը փոխակերպում են էլեկտրաէներգիայի, սակայն, ի տարբերություն այլ վահանակների, որոնք օգտագործում են էլեկտրոնիկա, այս առանձնահատուկ հայտնագործությունը հիմնվում է մանրէների վրա:
Օգտագործելով ֆոտոսինթեզը՝ մանրէներից շատերը արդեն ունակ են արևային լույսը փոխակերպել էլեկտրաէներգիայի: Վերջինը տեղի է ունենում այն քիմիական տարրերի շնորհիվ, որոնք արտադրում են մանրէները: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտողները քիմիական տարրերը թողնում են մանրէների ներսում և օգտագործում են հենց այդ մանրէները էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Այս նոր մեթոդը թույլ է տալիս հետազոտողներին մեծ առավելություն ստանալ մանրէների վրա հիմնված այլ արևային վահանակներից՝ գրեթե կրկնապատկելով արտադրված էլեկտրաէներգիայի քանակը: Իհարկե, սա դեռ բավարար չէ ավանդական արևային վահանակների հետ մրցակցելու համար, սակայն մանրէներով սնուցվող այս նոր արևային վահանակներն ունեն նաև այլ առավելություններ:
Մասնավորապես, այս նոր վահանակները աշխատում են նույնքան լավ ինչպես ցածր, այնպես էլ պայծառ արևային լույսի պայմաններում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են շարունակել արտադրել էլեկտրաէներգիա նույնիսկ ամպամած օրերին: Ավելին, այս արևային վահանակները պատրաստվում են առանց թանկարժեթ նյութերի և բարդ տեխնոլոգիաների, որն էլ իր հերթին նշանակում է, որ վերջիններիս արտադրությունը կլինի ավելի էկոլոգիապես մաքուր և էժան: