
Չինաստանը հայտարարել է գերամուր ածխածնային մանրաթելի արտադրության ոլորտում խոշոր տեխնոլոգիական առաջընթացի մասին՝ ստեղծելով T1200 դասի ածխածնային մանրաթելի ամենաամուր տեսակներից մեկի՝ աշխարհում առաջին արդյունաբերական արտադրագիծը։
Մշակումը ներկայացրել է China National Building Material Group պետական կորպորացիան Փարիզի JEC World միջազգային կոմպոզիտային նյութերի ցուցահանդեսում։
T1200 ածխածնային մանրաթելի տրամագիծը մարդու մազի մեկ տասներորդից բարակ է, սակայն ձգման ամրությունը մոտավորապես տասն անգամ մեծ է սովորական պողպատի ամրությունից, ընդ որում՝ այն զգալիորեն թեթև է մետաղից։ Թեթևության ու ամրության այս համադրության շնորհիվ ածխածնային մանրաթելը հաճախ անվանում են ժամանակակից արդյունաբերության «սև ոսկի»։
Նոր նյութն արդեն լաբորատոր հետազոտություններից անցել է արդյունաբերական արտադրության: Մշակողների խոսքով՝ գործարանը կկարողանա տարեկան արտադրել մոտ 100 տոննա մանրաթել։
T1200 ածխածնային մանրաթելը, ինչպես կանխատեսվում է, կօգտագործվի ավիատիեզերական, անօդաչու թռչող սարքերի արտադրության, ռոբոտաշինության, էներգետիկայի և բժշկական սարքավորումների ոլորտներում: Նյութը համարվում է հատկապես արժեքավոր ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների մեջ, որտեղ կառուցվածքների քաշի նվազեցումը անմիջականորեն ազդում է արդյունավետության ու շահագործման արժեքի վրա:
Աղբյուրը՝ South China Morning Post
Պատկերը՝ T1200-grade carbon fiber