Գիտնականները պարզել են, թե իրականում ինչ տեսք ունի Անտարկտիդան

08 Դեկտեմբեր, 2025
Պատկերը՝ NASA's Goddard Space Flight Center

Սառույցը ծածկում է Անտարկտիդայի գրեթե ողջ տարածքը՝ թաքցնելով դրա մեծ մասը խիտ սառցե շերտի տակ: Վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացը գիտնականներին հնարավորություն է տվել ներթափանցելու այդ սառցե մակերեսի տակ և ուսումնասիրելու մայրցամաքի իրական երկրաբանական ձևը:

2013 թվականին NASA-ի և Բրիտանական Անտարկտիդայի ծառայության գիտնականները Bedmap2 անվաունով մանրամասն քարտեզ են ստեղծել: Այն հիմնված էր մակերևույթի բարձրության, սառույցի հաստության և ապարների ձևի վերաբերյալ տվյալների հսկայական հավաքածուի վրա, որոնք ի մի էին բերվել արբանյակների, ինքնաթիռների և տեղում կատարված չափումների միջոցով:

Քարտեզը ցույց է տվել, որ Անտարկտիդայի թաքնված լանդշաֆտը հեռու է հարթ լինելուց. այն լի է լեռներով, հովիտներով և խոր փոսերով: Հայտնագործություններից մեկը Վիկտորիա երկրամասի Բըրդ սառցադաշտի տակ գտնվող՝ ծովի մակարդակից 2870 մետր ցածր տարածքն էր, որը մայրցամաքային սալիկների ամենախորը կետն է:

Այս տվյալները հավաքելու համար հետազոտողներն օգտագործել են սառույցը թափանցող ռադարների համակարգ, որը հայտնի է որպես բազմալիքային փոխկապակցված ռադարային ձայնախորաչափ։ Այդ գործիքը չափում է սառույցի հաստությունը և բացահայտում է դրա տակ գտնվող ցամաքի ուրվագծերը։

Այդ թաքնված աշխարհի ձևը հասկանալը կարևոր է, քանի որ այն որոշում է՝ ինչպես է սառույցը բաշխվում և ինչպես կարող է այն հալվել մշտպես բարձրացող գլոբալ ջերմաստիճանի և ծովի մակարդակի պայմաններում։

Bedmap2 նախագիծը բացահայտել է, որ Անտարկտիդան պարունակում է մոտավորապես 27 միլիոն խորանարդ կիլոմետր սառած ջուր, ինչը բավարար է ծովի մակարդակը մոտ 58 մետրով բարձրացնելու համար, եթե այն ամբողջությամբ հալվի։ Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ Անտարկտիդայում և Գրենլանդիայում սառույցի հալման պատճառով ծովի մակարդակը տարեկան բարձրանում է մոտ 4 միլիմետրով։

Ճշգրտությունն ու ըմբռնումը բարելավելու համար հետազոտողներն այժմ մշակում են Bedmap3-ը՝ ավելի մանրամասն տարբերակ, որը կշարունակի բացահայտել Անտարկտիդայի գաղտնիքները և կօգնի գլոբալ մակարդակով վերահսկել կլիմայի փոփոխությունը։

Աղբյուրը՝ Nature

Պատկերը՝ NASA's Goddard Space Flight Center

Այլ լուրեր