Մ.թ.ա. մոտ 1300 թվականին Արևելյան Միջերկրական ծովի հիմնական քաղաքակրթությունները մշակութային և տեխնոլոգիական առաջընթաց գրանցեցին՝ սկսելով բրոնզը շատ ավելի լայնորեն օգտագործել զենքեր, գործիքներ և զարդեր պատրաստելու համար։
Բրոնզը պղնձի և անագի համաձուլվածք է։ Պղինձը լայնորեն մատչելի էր հին ժամանակներում, իսկ անագը հազվագյուտ տարր է, որի հիմնական աղբյուրները հազարավոր կիլոմետրերի շառավղում չկան։ Դա հանելուկ էր, որը հնագետներն անվանում էին «անագի խնդիր»։ Որտեղի՞ց էին Միջերկրածովյան բրոնզի դարի հասարակությունները ստանում անագը՝ բրոնզ պատրաստելու համար։ Բրիտանացիների գլխավորությամբ հնագետների խումբը կարծում է, որ լուծել է այդ առեղծվածը։
Եվրոպայի տարբեր մասերից հանքաքարը գիտականորեն վերլուծելով՝ նրանք պարզել են, որ ավելի քան 3000 տարի առաջ Կորնուոլի և Դևոնի հարուստ հանքավայրերից անագն արտահանվել է Միջերկրական ծովի ափամերձ երկրներ և, հնարավոր է, կարևոր դեր է խաղացել ավելի քան 4000 կմ հեռավորության վրա գտնվող թագավորությունների և պետությունների զարգացման գործում։
«Դա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին ապրանքն է, որն արտահանվել է մայրցամաք», - ասում է Դարհեմի համալսարանի հնագիտության դոցենտ, դոկտոր Բենջամին Ռոբերթսը։
Ըստ նրա՝ առևտրային ցանցի նույնականացումն արմատապես փոխում է բրոնզե դարում Բրիտանիայի տեղի և ընդհանուր առմամբ, աշխարհի մասին մեր պատկերացումները։
Աղբյուրը՝ The Guardian
Պատկերը՝ Valery Egorov/Getty/iStockphoto