The Executive Coaching and Training Institute (ECTI) և Լոնդոնի Համալսարանական Քոլեջը համաձայնություն են ձեռք բերել երկարաժամկետ ուսումնական ծրագրի ստեղծման վերաբերյալ հատուկ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի, էկոլոգիական խնդիրների, ինչպես նաև ընդհանուր էներգետիկ ոլորտի համար:
Դասախոսների վերապատրաստման առաջին դասընթացը տեղի ունեցավ Սեպտեմբերի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում: Դասընթացը վարում էին Լոնդոնի Համալսարանական Քոլեջի Շրջակա միջավայրի, Էներգետիկայի և Ռեսուրսների Բարտլեթթ դպրոցի ավագ դասախոս, գիտությունների դոկտոր Լորենցո Լոթթին և նույն դպրոցի դասախոս, գիտությունների դոկտոր Տոբիաս Ռեյնաուերը:
Դասընթացը ուղղված էր բացահայտելու և լրացնելու էներգետիկ ոլորտում վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական տնտեսության, տնտեսական վարքագծի և նորարարությունների վերաբերյալ գիտելիքների բացը: Այն գլխավորապես մշակված էր Շրջակա միջավայրի, Էներգետիկայի և Ռեսուրսների Բարտլեթթ դպրոցի մագիստրոսական ծրագրերի հիման վրա՝ շեշտադրում կատարելով էներգետիկ և բնապահպանական տնտեսության ու քաղաքականության վրա:
Ինչպես նշեց «ԷԻՀ» ՓԲԸ-ի Էկոնոմիկայի գծով տնօրեն Էրիկ Անանյանը դասընթացի ավարտից հետո, վերջինս շատ լավ մտածված և մշակված վերապատրաստման դասընթաց էր, որը լույս սփռեց այնպիսի կարևոր ոլորտների վրա, ինչպիսիք են էներգետիկ համակարգերի մոդելավորումը, էներգետիկ տեխնոլոգիաները և նորարարությունները, էներգետիկայի քաղաքա-տնտեսական ասպեկտները, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը: