Օվկիանոսում ջրիմուռներով մարգագետինների տակ շաքարի «սարեր» են հայտնաբերվել

16 Հունվար, 2023
Պատկերը՝ HYDRA Marine Sciences GmbH

Մաքս Պլանկի անվան ծովային մանրէաբանության ինստիտուտի գիտաշխատողները հայտնել են, որ համաշխարհային օվկիանոսում ջրիմուռներով մարգագետինների տակ շաքարի «սարեր» են հայտնաբերվել:

Ինստիտուտի տվյալներով՝ ջրիմուռներով ծածկված մարգագետիններն ածխածին որսացող լավագույն էկոհամակարգերից են. ընդամենը մեկ քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող ջրիմուռները գրեթե երկու անգամ ավելի շատ են ածխածին կուտակում, քան ցամաքում գտնվող անտառները, ընդ որում՝ 35 անգամ ավելի արագ:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել իտալական Էլբա կղզու մոտ, որտեղից ջրիմուռների մարգագետինների ու դրանց շրջակա նստվածքների նմուշներ են վերցրել: Ստացված տվյալները ցույց են տվել, որ ջրիմուռների տակ շաքարի կոնցենտրացիան առնվազն 80 անգամ ավելի մեծ է, քան ծովային այլ էկոհամակարգերում։

«Համեմատության համար. մեր գնահատմամբ  աշխարհում 0.6 միլիոնից մինչև 1.3 միլիոն տոննա շաքար կա, հիմնականում՝ սախարոզի տեսքով, - հայտարարել է ինստիտուտի գիտնական Մանուել Լիբեկեն, - իսկ շաքարի այդ քանակը համեմատելի է 32 միլիարդ շիշ Coca-Cola-ի մեջ պարունակվող շաքարի հետ»:

Ծովային ջրիմուռները զգալի քանակությամբ ածխաթթու գազ են սպառում բակտերիաների հետ սիմբեոզի պատճառով, որոնցում երկու տեսակներն էլ օգուտ են քաղում միմյանցից:

Արևի լույսը թույլ է տալիս բույսին ջրից վերցնել ածխաթթու գազն ու շաքարի մոլեկուլների վերածել, որոնք կազմված են ածխածնից, ջրածնից և թթվածնից: Արևի առավելագույն լույսի ժամանակ, օրինակ՝ ցերեկը կամ ամառվա ընթացքում, բույսերն ավելի շատ շաքար են արտադրում, քան անհրաժեշտ է, ուստի դրանք պահում են ավելորդ սախարոզը իրենց արմատների շուրջ ծովի հատակին:

Բույսերի արմատների շուրջ ապրող բակտերիաներն օգտագործում են այդ շաքարը, որը բակտերիաներին էներգիա է հաղորդում՝ ավելի շատ սննդանյութեր արտադրելու համար, ինչպիսին ազոտն է, որով պարարտացվում են ջրիմուռների մարգագետինները:

Աղբյուրը՝ ՏԱՍՍ

Պատկերը՝ HYDRA Marine Sciences GmbH


Այլ լուրեր